Երևանի քաղաքապետի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հանդիպմանը քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր

17:39 • 05.12.13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության նորանշանակ ղեկավար Էրվե Սարնելին, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր:

 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է Էրվե Սարնելիին Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել նրան գործնական հաջողություններ: Ներկայացնելով ֆրանսիական քաղաքների և ընկերությունների հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցության ծրագրերը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկուստեք հաջողված փոխգործակցության արդյունքում այսօր Երևանում մի շարք արդյունավետ ծրագրեր են իրականացվում քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում: «Պետք է հետևողականորեն շարունակենք մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները, որպեսզի կարողանանք ապահովել անխափան և որակյալ ջրամատակարարում»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպան Անրի Ռենոն նախ կարևորել է ֆրանսիական քաղաքների հետ փոխգործակցության ընդլայմանն ուղղված Երևանի քաղաքապետի ակտիվ գործունեությունը և ընդգծել, որ անցնող տարին իսկապես հաջողված ու հագեցած էր նաև փոխայցելությունների առումով:

 

Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության նորանշանակ ղեկավարն էլ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի այսուհետ ևս համագործակցությունը լինի հաջողված ու արդյունավետ: «Ծանոթանալով կատարած աշխատանքին արդեն իսկ կարող եմ վստահորեն ասել, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար և մենք մեծ պատրաստակամությամբ կշարունակենք համատեղ փոխգործակցությունը»,- ընդգծել է Էրվե Սարնելին:

 

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր: Ըստ այդմ կիրականացվի «Աէրացիա» կայանի վերակառուցման նախագծում, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի արդիականացման, ջրամիացումների առանձնացման և մայր ջրատարների վերակառուցման նախագծման և շինարարական աշխատանքներ: Կիրականացվի նաև ջրամատակարարման ամբողջ ցանցի հեռակառավարման ՍԿԱԴԱ ծրագրի նախագծում: