Եթե ԱԺ-ն համապատասխան օրենքն ընդունի, ապա հունվարի 1-ից հետո ոչ մեկը հին անձնագրերից չի ստանա

20:39 • 05.12.13

2014 թ-ի հունվարի 1-ից Հայաստանում կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը կդառնան պարտադիր, եթե Ազգային ժողովն ընդունի այն օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություն կատարել այդ համակարգի ներդրմանն ուղղված օրենքներում և դրանք դարձնել պարտադիր:

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ եթե օրենքը ԱԺ-ում ընդունվի, ապա հաջորդ տարվա առաջին իսկ օրերից այն քաղաքացին, ով կդիմի անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար, կենսաչափական անձնագիր ու նույնակացման քարտ կստանա:

 

«Բայց բոլորի հին անձնագրերը մինչև իրենց գործածության ավարտը ուժի մեջ կլինեն»,-ասաց նա:
Նորայր Մուրադխանյանի խոսքով՝ այժմ, երբ օրենքը կամավոր սկզբունք է նախատեսում, շատ են ՀՀ քաղաքացիները, ովքեր կամավոր դիմում են կենսաչափական անձնագիր ու նույնակացման քարտ ստանալու համար:

 

«Պատճառն այն է, որ նույնականացան քարտը և կենսաչափական անձագիրն ավելի վստահելի ու պաշտպանված փաստաթղթեր են, այդ փաստաթղթերով ավելի հեշտ են սահմանը հատում, ավելի հեշտ են դեսպանատներում մուտքի արտոնագիր ստանում»,-ասաց նա:

 

Մեր այն դիտարկմանը, թե՝ օրենքին պարբերաբար դեմ է արտահայտվում «Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիր և հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը և նշում, թե հետագայում մարդու մաշկի տակ է «չիպ» դրվելու, ինչը հակաքրիստոնեական է, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը հորդորեց քիչ լսել Խաչիկ Ստամբոլցյանին:


«Դուք որ ծննդյան վկայան ստացել եք, վրան համար եղել է, ճի՞շտ է, այնուհետև երբ անձնագիր եք ստացել, վրան կրկին համար է եղել, չէ՞, ի՞նչն է փոխվել: Կենսաչափական անձնագիրը ևս ունի չիպ, որի վրա ձեր լուսանկարն է: Դա բոլորիս անվտանգության համար է արվում, ՄԱԿ-ի նախագիծն է, որն ընդունվել է 2008-ին: Դա ավելի անվտանգ է դարձնում փաստաթղթերը, նվազեցնում է դրանք կեղծելու հնարավորությունը»,-ասաց նա: