ԱԺ նստաշրջանի վերջին օրը սկսվեց վիճաբանությամբ

13:00 • 05.12.13

Այսօր ԱԺ նստաշրջանի վերջին օրը, որը պետք է տոնական համարվեր և ավարտվեր ՀՀ հիմնով՝ սկսվեց վիճաբանությամբ։ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի միջև շփումը վերածվեց վիճաբանության: 


Իսկ պատճառը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից ներկայացված «Համատարած և համակարգված կոռուպցիա» վերտառմամբ հարցապնդման վերաբերյալ որոշման նախագծի քվեարկությունն էր, որը վերաբերում էր կոռուպցիայի կանխմանը։

 

Մինչ քվեարկությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ձայն խնդրեց և դիմեց ՀՀԿ-ական պատգամավորներին։ «Կարծում եմ՝ դուք էլ եք ընդունում, որ կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է, եկեք միասին քայլ անենք այդ չարիքի դեմ։ Այն, ինչ ներկայացրել ենք, առաջարկություն է ձեր նշանակությամբ՝ Կառավարությանը և դատախազին։ Եթե դուք դա չեք անում, ուրեմն դառնում եք կոռուպցիայի գլխավոր պաշտպան»,-ասաց նա։

 

Անմիջապես վարման կարգով ձայն խնդրեց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով հայտարարեց, թե իրենք դեմ են քվեարկելու: «Եթե դուք խնդիր ունեք, դուք էլ լուծեք, մենք լավ բանաձևեր ուենք, մենք դեմ ենք քվեարկելու, ահեթեթություններին չենք կարող իրավական տեսք տալ»,-ասաց նա։

 

Խոսքի իրավունքով ձայն խնդրեց նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում խոսքը սկսելուն պես տեղից, առանց խոսափողը միացնելու «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց, թե ինչու՞ է խախտվում կանոնակարգը և ձայն տրվում Է. Շարմազանովին, ով բովանդակային քննարկում է ծավալում։ Փաշինյանի դիտարկումը վերաբերում էր երեկվա միջադեպին, երբ իրեն թույլ չէին տվել վարման կարգով խոսք ասել՝ պատճառաբանելով, թե բովանդակային քննարկում է ծավալում։

 

Պատգամավորը նիստը վարող Հերմինե Նաղդալյանից պահանջեց նույն կերպ վարվել, ինչպես իր հետ էին երեկ վարվել և խոսափողն անջատել։

 

Շարմազանովը շարունակում էր ուշադրություն չդարձնել Փաշինյանին։ «Այո կոռուպիցան մեծ խնդիր է, ախտ է, մեր պետության ու ժողովրդավարության ամենամեծ խոչընդոտներից մեկն է: Բայց այս «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» տվյալներով նայեք, մենք պայքարում ենք, ու Վերահսկիչ պալատի նյութերն էլ ուղարկված են...»,-ասաց նա։

 

Հերմինե Նաղդալյանը փորձեց իրավիճակը մեղմել, հայտարարելով, թե չեն կարող բոլոր պատգամավորներին վարման կարգով ձայն տալ։ Փաշինյանը տեղից պնդեց, որ կանոնակարգ օրենքը դա թույլ է տալիս։ «Այո, բոլորն էլ ունեն վարման կարգով արտահայտվելու իրավունք»,-ասաց նա։

 

Օրենքի նախագիծը մերժվեց 10 կողմ, 62 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ։

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ քվեարկությանը չմասնակցելու փաստը պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, թե իրենք պայմանավորվել են «Հայ ազգային կոնգրեսի» գործընկերների հետ և տեղեկացրել, որ չեն քվեարկելու։ Ըստ նրա, նախագծում որոշ թերություններ կան, չնայած ընդհանուր ընդունելի է իրենց համար։

 

«Ունենք պայմանավորվածություն հետագայում աշխատել այս փաստաթղթի հետ»,-ասաց նա: