ԵԱՀԿ-ն Ուկրաինային օգնություն է առաջարկել ներքին երկխոսություն սկսելու հարցում
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կարող է օգնել Ուկրաինայում ընդդիմության և իշխանության միջև երկխոսության կայացման հարցում. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։
«Հիմնարար իրավունքների հարգանքը, ինչպիսին հավաքների ազատությունն է, ազատ խոսքն ու լրագրողների աշխատանքի ապահովումը, չափազանց կարևոր է յուրաքանչյուր հանրության համար։ Այդ իրավիճակում ԵԱՀԿ-ն՝ որպես կազմակերպություն, և ես՝ անձնապես, պատրաստ ենք օգնություն ցուցաբերել կողմերին խաղաղ երկխոսության համար»,-ասել է Զանիերը Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լեոնիդ Կոժարայի հետ զրույցում։
Զանիերը ողջունել է ուկրաինացի նախարարի հայտարարությունը, որը խոստացել էր հետաքննել «անհամաչափ ուժի կիրառումը», որը տեղի էր ունեցել Անկախության հրապարակի վերջին ցույցերի ընթացքում։
Զանիերի և Կոժարայի հանդիպումը կայացել է ԵԱՀԿ արտգործնախարարների 20-րդ նիստի նախօրեին. այն այսօր մեկնարկում է Կիևում։










