Մեքենաների երթ, բոյկոտ, տեսահոլովակներ. «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խումբը պայքարի նոր եղանակներ է առաջարկում
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը, որն այս պահին ունի մոտ 16.750 անդամ՝ հիմնականում տարբեր ընկերություններում աշխատող երիտասարդներ, տեղեկացնում է իր առաջիկա քայլերի մասին:
Այսպես. «Դ!ԵՄ ԵՄ թիմ»-ն այսօր՝ դեկտեմբերի հինգին կազմակերպում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա՝ մեքենաներով: Ժամը 12:30-ին ակտիվիստները մեքենաներով Մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիից դրոշներով կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ: Նախատեսվում է ակցիայի ընթացքում իրազեկել և մոտիվացնել մարդկանց՝ կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում ԱԺ չորս խմբակցությունների առաջարկած կենսաթոշակների օրենքում կուտակային պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու նախագիծը մերժվեց «Հանրապետական» և «Օրինաց երկիր» խմբակցությունների կողմից՝ ձայների 45/53 հարաբերակցությամբ:
Դրան զուգահեռ պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ այս օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:
Այս օրենքի դեմ հանդես եկող նախաձեռնության ֆեյսբուքյան խմբի անդամներից մեկն էլ առաջարկում է պայքարի ևս մեկ միջոց՝ բոյկոտել «Հայաստանի հանրապետական կուսակցության» անդամներին պատկանող կառույցներն ու սպասարկման կետերը:
«Խանութ, ռեստորան, բենզալցակայան և այլն: Ճիշտ է, դեռևս մենք քիչ ենք, բայց հունվարից մեզ կմիանան շատերը: Կարող ենք նոր էջ պատրաստել, որը կպարունակի բոլոր բացահայտված հանրապետական «օբէկտները» ու որը մշտապես կհամալրվի: Մենք կարող ենք հայտարարել ու պրոպագանդել մեր բոյկոտը, կարծում եմ՝ կգտնվի հասարակական մեծ զանգված, որը կմիանա մեզ: Իհարկե, սա չեմ համարում հարցի լուծում, բայց կարծում եմ, որ գոնե սա կարող ենք վաղվանից սկսել ու պրոպագանդել: Այսինքն՝ չենք օգտվում, արհամարհում ենք ցանկացած հանրապետականի պատկանող կառույց» -առաջարկում է օգտատերը:
Մեկ այլ օգտատեր, նշելով, որ պայքարը շարունակելու և արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են տեղեկացված և ֆիզիկապես ներկա շատ մարդիկ, առաջարկում է. «Մեր խմբում գրանցված են մոտ 16.500 անդամներ: Առաջարկում եմ խմբի անդամներով հավաքել 1000-ական դրամ: Կարծում եմ 10.000.000 դրամ կկարողանանք հավաքել և նկարահանել հոլովակներ, ասենք էն նույն ֆորմատով, որը պատվիրում ա Կենտրոնական Բանկը, բայց ի տարբերություն ԿԲ-ի հոլովակների, մեր պատվիրածը մարդկանց կիրազեկի օրենքի կիրառման բոլոր իրական հետևանքները: Ինձ թվում է, որ «Երկիր Մեդիա» ու «Կենտրոն» հեռուստաընկերությունները անվճար կպտտեն այդ հոլովակները, մնացած հեռուստաընկերություններին կարող ենք վճարել գովազդի համար հավաքված գումարից»:
Օգտատերը նաև առաջարկում է վարձել աշխատողներ, որոնք կզբաղվեն իրազեկումով, բացել թեժ գիծ, որի համարը կլինի հոլովակում. իրազեկման աշխատողները կշրջեն հիմնարկներում և տեղեկացնեն աշխատողներին ու գործատուներին:










