Վարչապետն անդրադարձավ «Ոսկու շուկայի» աշխատակիցների բողոքին. գերատեսչությունների կողմից համալիր ստուգումներ կիրականացվեն

11:55 • 05.12.13

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ նախորդ հինգշաբթի Կառավարության շենքի մոտ «Վաղարշ և որդիներ կոնցեռն»-ի աշխատակիցների անցկացրած բողոքի ակցիային: Նա ընդգծեց, որ խնդրին անդրադառնում է, քանի որ աշխատողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում:

 

«Ես ծանոթացել եմ այն տեղեկանքի հետ, որը ինձ ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը, և այն տեղեկատվությունը, որը զետեղված էր այդ տեղեկանքի մեջ բացարձակ չի համապատասխանում այն տեղեկատվությանը, որը տարածեցին ԶԼՄ-ները: Միևնույն ժամանակ տեսչության պետը ինձ տեղեկացրեց, որ տարեկան ծրագրով դեկտեմբերին նրանք պլանավորում են համալիր ստուգում իրականացնել ոսկու շուկայում»,-ասաց վարչապետը:

 

Վարչապետն ընդգծեց, որ բողոքները, որ ստացվում են «Ոսկու շուկայի» աշխատողներից ու այնտեղի հաճախորդներից բազմազան են՝ սկսած աշխատանքային պայմաններից, հակահրդեհային վիճակից, սանիտարական վիճակից:

 

«Հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր ու դրանց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ լուրջ կասկածներ կան: Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև ոսկու շուկայում աշխատում է 7 հազար մարդ: Սա լրջագույն մի հատվածն է, որտեղ մենք շատ զգուշավոր պետք է լինենք ու պատկերացնենք, թե ինչ ռիսկերի հետ ենք առնչվում»,-ասաց նա և հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, Առողջապահության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տեսչություններին ու գործակալություններին և ՊԵԿ-ին համատեղ ծրագրով ստուգումներ սկսել:

 

Վարչապետը ընդգծեց, որ անհրաժեշտ է վերջնական հասկանալ, թե ինչ է կատարվում «Ոսկու շուկայում», ինչ ռիսկեր կան, ինչու են պարբերաբար քաղաքացիները բողոքում: Նա խոստացավ բոլոր բացահայտումների ու ռիսկերի մասին տեղյակ պահել հանրությանը: