Տ. Ուրիխանյանի կարծիքով՝ եթե իրենց բոլոր պատգամավորները մասնակցեին էլ «կուտակայինի քվեարկությանը», ոչինչ չէր փոխվելու

11:55 • 05.12.13

Անկախ ամեն ինչից, բոլոր պատգամավորները կմասնակցե՞ին երեկ ԱԺ չորս խմբակցությունների առաջարկած կենսաթոշակների օրենքում կուտակային պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու նախագծի քվեարկությանը, թե ոչ, ԱԺ-ում կա ձայների հարաբերակցություն, որի «շնորհիվ» պատկերը չէր փոխվի:


Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ի պատասխան հարցի, թե իրենց խմբակցությունից վեց պատգամավոր տարբեր պատճառներով չքվեարկեցին՝ բացակա լինելու, պարզապես չքվեարկելու: «Ձայների հարաբերակցությունն ինքնին խոսուն է»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը ԱԺ չորս խմբակցությունների առաջարկած կենսաթոշակների օրենքում կուտակային պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու նախագիծը մերժեց՝ ձայների 45/53 հարաբերակցությամբ:

Ի պատասխան դիտարկման, թե եթե այդ հարցը իրենց համար այդքան կարևոր էր, սկզբունքային, թող չմեկնեին գործուղման, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ինչպե՞ս թե թող չգնային: Նախ, գնացել են, ըստ որում՝ իրենց հաճույքների համար չեն գնացել: Բոլորի մասնակցությունը կարծում եմ, մեղմ ասած, կարևոր է, բացառությամբ մեկի, որը չափազանց ծանր առողջական վիճակում է գտնվում»:


Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակության հետ Հնդկաստան էր մեկնել միայն Ստեփան Մարգարյանը, իսկ ԲՀԿ ևս հինգ պատգամավորներ, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը, բացակա էին, մեկը՝ Դավիթ Քոչարյանը չէր քվեարկել։


Տիգրան Ուրիխանյանը հարկ չհամարեց պատասխանել, թե ո՞վ է ծանր վիճակում գտնվում, ինչպես նաև՝ Գագիկ Ծառուկյանը հանրապետությունո՞ւմ է, թե ոչ: