ԱՄՆ-ն հետևում է միլիոնավոր բջջային հեռախոսների տեղաշարժերին

09:30 • 05.12.13

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հետևում է ողջ աշխարհում միլիոնավոր բջջային հեռախոսների տեղաշարժերին, ինչպես նաև՝ դրանց սեփականատերերի տեղաշարժին և բացահայտում նրանց միջև կապը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին, որը ներկայացրել է հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթերը:

 

Թերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության գործակալությունն օրական մոտ 5 մլրդ գրություն է հավաքում բջջային հեռախոսների տեղաշարժի մասին: Գործակալության տվյալների բազայում հավաքված է հարյուր միլիոնավոր սարքերի գտնվելու վայրի մասին տեղեկություն: Տարբեր երկրներում բջջային հեռախոսների տեղաշարժի մասին տվյալների «խոշոր ծավալների» վերաբերյալ տեղեկությունը թերթին հաստատել է նաև Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցը, որը չի ցանկացել ներկայանալ:

 

Նշվում է, որ չնայած ծրագիրն ուղղված չէ ԱՄՆ քաղաքացիների հեռախոսների հսկողությանը, դա կարող է ակամա տեղի ունենալ: Բացի այդ, տվյալների բազա է մտնում տասնյակ միլիոնավոր ամերիկացիների մասին տեղեկություն, որոնք մեկնում են արտերկիր: