66 սմ ձյուն, ավտովթարներ և էլեկտրաէներգիայի խափանումներ ԱՄՆ-ում (լուսանկարներ)

10:33 • 05.12.13

ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում ուժեղ ձյան պատճառով առաջացած ավտովթարների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով NBC-ին։

 

Ամենաուժգին հարվածը ստացել է Մինեսոտա նահանգը, այստեղ արդեն 66 սմ ձյուն է տեղացել։ Հաղորդվում է էլեկտրամատակարարման բազմաթիվ խափանումների մասին։ Ձյան տեղումների առաջին ժամերին նահանգի ավտոճանապարհներին գրանցվել է 175 ճանապարհատրանսպորտային պատահար։

 

Յուտա, Կոլորադո և Արիզոնա նահանգներում նույն իրավիճակն է։ Այստեղ ձյան տեղումները հասնում են մինչև 30 սմ։ Ցիկլոնի գոտում են հայտնվել նաև Արկանզաս, Նևադա, Օկլահոմա նահանգները, Տեխաս նահանգի մի մասը, ինչպես նաև Կալիֆոռնիա նահանգի որոշ շրջաններ։

 

Մի շարք նահանգներում արդեն փոթորկի նախազգուշացում է տարածվել։ Իշխանությունները հորդորում են դուրս չգալ փողոց առանց անհրաժեշտության և չօգտվել տրանսպորտից։

 

ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական բյուրոյի աշխատակիցները կանխատեսում են, որ ուրբաթ իրավիճակը կարող է վատանալ։