7-ամյա Կարենն ինքնուրույն չի քայլում, չի խոսում. «Քեզ հետ» ՀԿ-ն խնդրում է աջակցել երեխայի բուժմանը

14:37 • 05.12.13

«Քեզ հետ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն աջակցում է անապահով ընտանիքներին, հաշմանդամ, առողջական խնդիրներ ունեցող երեխաներին և երիտասարդներին դիմում է հանրությանը՝ խնդրելով աջակցել կազմակերպության ծրագրերից որևէ մեկի իրականացմանը:  

 

Կազմակերպությունը տեղեկացնում է, որ ներկայում փորձում է միջոցներ հավաքագրել Կարեն Ստեփանյանի համար՝ ծնված՝ 19.04.2006թ., ք. Արտաշատ (մայրը՝ Կարինե Ստեփանյան, անձնագիր՝ AM 0577588, հեռ. 093 23 39 62), ախտորոշումը՝ սիմպտոմատիկ էպիլեպսիա, էպիլեպտիկ սպազմներով: Ընտանիքն ապրում է վարձով, սոցիալապես ծանր պայմաններում՝ թոշակով և նպաստով: 7-ամյա Կարենն ինքնուրույն չի քայլում, չի խոսում: Տղան բուժվում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում, բուժող բժիշկն է Բիայնա Գագիկովնան: Երեխային հարկավոր է Վիգաբատրին 500 մգ. (դա նույն Սաբրիլն է), որը պետությունը չի տրամադրում: Տվյալ դեղահաբն օգտագործելիս երեխան կարողանում է հենվել- բռնելու օգնությամբ քայլել: Ստանում է օրական 4 հաբ , 30 հաբն արժե մոտավոր 25,000 դրամ: Նշված դեղորայքային բուժումը երեխան պետք է ընդունի մեկ տարի: Ընդհանուր բուժման կուրսն արժե՝ 1.200.000 դրամ: Երեխային հարկավոր է նաև 7 համարի տակդիր:

 

Անհրաժեշտ են միջոցներ նաև Ստեփանյան Մամիկոնի համար՝ ծնված 11.04.1996թ. (մայրը՝Սեդա, հեռ. 094 40 35 03): Ախտորոշված է դաունի սինդրոմ: 17-ամյա երիտասարդին անհրաժեշտ է «Սքենար» կենտրոնում հետազոտություն և մեկամսյա բուժման կուրս: Նախապես 30.000 դրամ վճարելուց հետո, բժիշկը կորոշի, թե կոնկրետ ինչ է հարկավոր տղային ինչ կարժենա դա: Նախկինում, ծնողի հավաստմամբ բուժումը կազմել է մոտ 300.000 դրամ, որից մի փոքր էլ բժիշկն է զեղչել:

 

«Քեզ հետ» ՀԿ թիմը պատրաստվում է նաև անակնկալ մատուցել իր շահառուներին՝ նրանց համար կազմակերպելով Ամանորի և Սուրբ Ծննդյան ուրախ տոնակատարություն, որտեղ ներկա կլինեն հեքիաթի հերոսներ, Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Միջոցառումը պլանավորված է անցկացնել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, դեկտեմբերի 25-ին և նվիրել այն ծանրալսությամբ տառապող երեխաներին: «Աղմկոտ Մանկություն» ծրագրի շրջանակներում թվով 40 երեխաներ կստանան անակնկալ նվերներ իսկ վերջում նաև կլինի հյուրասիրություն: Այս առիթով ՀԿ-ն դիմում է տարբեր կազմակերպությունների, որոնք կկարողանան օգնել նվերների պատրաստման հարցում՝ տրամադրելով սնունդ, հագուստ, անհրաժեշտ կենցաղային իրեր: