Ինչո՞ւ է փակվել ՀՀ քաղաքացիություն ունեցող սիրիահայի բանկային հաշիվը. HSBC բանկը պարզաբանում է

18:41 • 06.12.13

Սիրիահայ Հրաչ Կալսահակյանը բարձրաձայնում է, որ «Էյչ-Էս-Բի-Սի» (HSBC) բանկում իր հաշիվն առանց զգուշացնելու փակել են, քանի որ Սիրիայի անձնագրով է բացած եղել։ Մինչդեռ նա պնդում է, որ ինքը նաև ՀՀ քաղաքացի է, ինչն անտեսվել է բանկի կողմից։

 

«13 տարի հաշիւ ունենալէ պետք հոն, մէկ օրէն հաշիւս փակեցին եւ նոյնիսկ չպատասխանեցին իմ իրաւացի հարցերուն: Անոնք հաշիւս փակեցին որովհետեւ Սուրիացի քաղաքացի եմ: Երբ իմացան, որ նաեւ Հայաստանի քաղաքացի եմ կարեւորութիւն անգամ չտուին այդ փաստին»,-խնդիրը ներկայացնում է ՀՀ քաղաքացիություն ունեցող սփյուռքահայը։

 

Թե ի՞նչ հիմնավորմամբ է փակվել նրա անձնական հաշիվը, և ինչո՞ւ է անտեսվել նրա ՀՀ քաղաքացիությունը, Tert.am-ը փորձեց պարզել «Էյչ-Էս-Բի-Սի» բանկից, որտեղից գրավոր նախ պատասխանեցին, թե բանկային գաղտնիքի պահպանման նկատառումներով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն» իրավասու չէ երրորդ անձանց տրամադրել հաճախորդների մասին որևէ տեղեկատվություն:

 

Իսկ ընդհանուր առմամբ նշվեց, թե հաշիվը փակվել է «Էյչ-Էս-Բի-Սի» խմբի կողմից կիրառվող միջազգային սանկցիաների պահանջներին համապատասխանության քաղաքականության շրջանակներում։

 

«Բանկը որոշում է կայացրել փակել այդ սանկցիաների տակ գտնվող երկրների ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների հաշիվները: Որոշումը հիմնված է Բանկի կողմից կատարված ռիսկերի գնահատման վրա և չի արտացոլում առանձին վերցրած որևէ հաճախորդի հարաբերությունները Բանկի հետ: Նմանատիպ որոշումները Բանկի գործունեության ընթացքում ռիսկերի կառավարման գործընթացի անբաժանելի մաս են կազմում: Բանկի՝ սանկցիաների տակ գտնվող երկրների ռեզիդենտ հաճախորդների հետ իր հարաբերությունները իր հայեցողությամբ միակողմանի դադարեցնելու իրավունքը համապատասխանում է Բանկային ծառայությունների տրամադրման ընդհանուր պայմաններին»,-ասվում է պատասխանի մեջ և շեշտվում, թե բոլոր դեպքերում, երբ կայացվում է նմանատիպ որոշում, այդ մասին պատշաճ կերպով նախօրոք ծանուցվում է հաճախորդին հնարավոր որևէ եղանակով, և հաշվին առկա մնացորդը վերադարձվում է հաճախորդին: