Համացանցում տեղադրվել է Ասանժի և նրա օգնական Մենինգի նամակագրությունը
Wired պարբերականը համացանցում հրապարակել է ամերիկյան բանակի նախկին շարքային Բրեդլի Մենինգի և WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի նամակագրությունը։ Դեկտեմբերի 6-ին նամակագրության տեքստը հրապարակվել է documentcloud.org կայքում, գրում է Lenta.ru-ն։
Ըստ Wired-ի լրագրող Քևին Փոուլսենի՝ նրանց նամակագրությունը դեռևս նոյեմբերի վերջին տեղադրվել է ԱՄՆ բանակի պաշտոնական պորտալում, սակայն ավելի ուշ հեռացվել է կայքից։
Բոլոր հրապարակված հաղորդագրությունները գրվել են 2010թ. մարտին։ Ինչպես հետևում է տեքստից՝ Ասանժը և Մենինգը քննարկել են գաղտնի տեղեկությունների արտահոսքի հնարավոր հետևանքները, դավադրության տեսությունը, քաղաքականությունը։
Օրինակ՝ Մենինգը, խոսելով իր հավաքած փաստաթղթերի հրապարակման մասին, Ասանժին հայտնում է «մի քանի տարի ստվերում մնալու» մտադրության մասին, որպեսզի սկանդալը հանդարտվի։ Ասանժը, սակայն, վստահեցնում է, որ նման մեծ ժամկետ չի պահանջվի, քանի որ աշխարհում իրադարձությունները շատ արագ են զարգանում։
Հաղորդագրություններից մեկում WikiLeaks-ի հիմնադիրն առաջարկում է Մենինգին իր օգնությունը՝ բանակային աքաունթներից մեկը կոտրելու հարցում։
Հիշեցնենք, որ Մենինգը 2010-ին WikiLeaks-ին է փոխանցել մոտ 700.000 գաղտնի փաստաթուղթ։










