Կիևում` «Եվրամայդանի» մոտ, մարդ է մահացել

11:05 • 06.12.13

Կիևում` «Եվրամայդանի» հարևանությամբ, տարեց մարդ է մահացել, ինչի մասին տեղեկացնում է kommersant.ru-ն`  ուկրաինական «5-րդ ալիքին» հղումով:

 

«Կիևի գլխավոր հրապարակում եվրաինտեգրման աջակիցների բողոքի ակցիայի մասնակիցներին անհայտ անձինք տեղեկացրել են, որ իրենցից ոչ հեռու մի մարդ է գետնին ընկած ու իրեն վատ է զգում: Ակտիվիստները շտապօգնություն են կանչել ու վազել անծանոթի մոտ, սակայն դեպքի վայր հասած բժիշկները պարզել են, որ նա մահացել է: Ականատեսների խոսքերով՝ դեպքի վայրում եղել են արյան հետքեր: Չի բացառվում, որ տղամարդը գլխուղեղի վնասվածք է ստացել»,- հայտնել է  «5-րդ ալիքը»:

 

Ականատեսները պատմել են, որ դիակի կողքին եղել է անծանոթ մի մեքենա, որը հեռացել է, երբ տղամարդու մոտ են վազել հանրահավաքի մասնակիցները: