Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի հաջորդ ուժեղ երկրաշարժը չվերածվի աղետի. մասնագետ

15:45 • 06.12.13

Խորհրդային Հայաստանում չկար սեյսմիկ պաշտպանության միասնական համակարգ, և այսօր Հայաստանի ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը փորձում է հնարավոր ամեն բան անել, որպեսզի հաջորդ հնարավոր ուժեղ երկրաշարժը չվերածվի աղետի, այս մասին այսօր՝ 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը։

 

«88-ին ականատես եղանք, որ և՛ ժողովուրդը, և՛ գիտական օղակները, և՛ կառավարման մարմինները տեղյակ չէին, թե ինչ պետք է անել: Երկրաբանական վարչության համակարգում էի աշխատում այն ժամանակ, մեկնեցինք Գյումրի և տեսանք, որ մի շարք երեխաներ շրջապատել էին իրենց ուսուցիչներին և մնացել շենքերի պանելների տակ»,-վերհիշեց Հրաչյա Պետրոսյանը:

 

Նա ավելացրեց, թե երկրաշարժից երկու տարի անց ստեղծվեց սեյսմիկ պաշտպանության համակարգը:
«Այսօր մեր ծառայությունը գործում է շատ ազդեցիկ նախարարության կազմում, և մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի հաջորդ ուժեղ երկրաշարժը չվերածվի աղետի»,-ընդգծեց Հ.Պետրոսյանը:

 

Համեմատություն անցկացնելով 1988-ի հետ՝ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետն ասաց, որ և՛բնակչությունն է տեղեկացված, և՛շենքերն են ավելի սեյսմակայուն:

 

Պատասխանելով հարցին, թե կա տարածված կարծիք, որ Սպիտակի երկրաշարժը արհեստածին էր, Հրաչյա Պետրոսյանն ասաց. «Սպիտակի երկրաշարժը բնածին էր: Օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա: Պարզ է, որ 88-ին ոչ ոք նման հորատանցք չէր փորի կամ նման ռումբ չէր պայթեցնի: Մի շարք փաստեր կան, որոնք ժխտում են այդ երկրաշարժի արհեստածին լինելը»:

 

Հրաչյա Պետրոսյանը նաև նշեց, որ երկրաշարժ կանխատեսելը լինում է երկարաժամկետ և կարճաժամկետ: «Մենք քարտեզի օգնությամբ կարող ենք կանխատեսել ուժգնությունը և տեղը, բայց ժամկետներ կանխատեսել չենք կարող»,-տեղեկացրեց Հրաչյա Պետրոսյանը:

 

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության Շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանն ասաց, թե չեն կարող կանխարգելել երկրաշարժը, բայց կարող են տեղեկացված լինել և այնպես անել, որ շատ զոհեր չլինեն:

 

«Պետք է ոչ թե հավաքվել ու սգալ, այլ պետք է դառը դասերից հետևություններ անել: Այս 25 տարիների ընթացքում գործնական շատ քիչ քայլեր են ձեռնարկվել: Խոցելիությունը շատ մեծ է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այսօրվա նորակառույց շենքերը կառուցվում են սեյսմիկ նորմերին համապատասխան: