Վիլնյուսից հետո Հայաստանի տեղը մնաց անփոփոխ. երկիրը շարունակում է գոյատևել, բայց պետք է հարատևի. քննարկում

15:13 • 06.12.13

«Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները. Վիլնյուսից հետո» թեմայով հրավիրված հասարակական-քաղաքական քննարկմանը բանախոսները միաձայն կարծիք հայտնեցին, որ այդ վեհաժողովից հետո Հայաստանի տեղը մնաց անփոփոխ:


«Հայոց համազգային շարժման» գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանի խոսքով, ըստ էության, Վիլնյուսի գագաթնաժողովից հետո Հայաստանի տեղը ոչ միայն մնաց անփոփոխ, այլ նույնիսկ փոքր-ինչ հետ գնաց. «Մենք հայտնվեցինք կոտրած տաշտակի առաջ, որովհետև դրանից հետո տեղի ունեցան քաղաքական պրոցեսներ, որոնցից մեկը Պուտինի այցն էր, ինչը ոչ այնքան Հայաստանի օգտին էր»:


Նրա խոսքով՝ «ՀայՌուսգազարդից» հայը դուրս եկավ, ու դա նույնպես տրվեց պարտքի դիմաց: Եվ հիմա այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը մասնատում են. մաս-մաս տալիս են Ռուսաստանին՝ պարտքի դիմաց:


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Անժելա Խաչատրյանն էլ ասաց. «Հայաստանի իշխանությունների վարած «և,և»-ի քաղաքականությունը Վիլնյուսում այլևս ոչ եղավ: Հայաստանի իշխանությունները Վիլնյուսում զբոսաշրջիկի նման էին, և ակնհայտ էր, որ «և,և »-ի տարբերակը հնարավոր չէր»:


«Թե ինչ ստորագրվեց Վիլնյուսում և ինչ հայտարարություն եղավ, ավելի շատ դեկլարատիվ բնույթ ուներ: Տնտեսապես մենք մեծ բան կորցրինք: Հստակ մարտահրավեր էր այն, որ Եվրոպային առաջարկած այդ տնտեսական արտոնություններից մենք չօգտվեցինք: Մյուս մարտահրավերն այն էր, որ Ռուսաստանի նախագահը եկավ Հայաստան և ցույց տվեց, թե ումն է այդ տարածքը»,- ասաց նա և ավելացրեց, որ «ՀայՌուսգազարդի» վերջին մասնաբաժնի այդ քսան տոկոսը վերահսկողության գործիք էր Հայաստանի համար:


Վերջինիս ներկայացմամբ՝ մյուս բարդությունն այն է, որ ժողովրդին խաբում են, թե գազն էժանանալու է, սակայն այդտեղ ևս երկիրը որևէ առաջընթաց չունեցավ, որևէ դրական բան չտվեց ՄՄ կոչվածը. «Ակնհայտ է, որ բացի կորուստներից այլ առաջընթաց մենք չունեցանք»:


Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ չի կիսում ո՛չ ԵՄ-ին հակված զանգվածի, ո՛չ էլ ՄՄ-ի զանգվածի հրապուրանքները: «Հարցը մեր մեջ է: Նույն այդ Եվրոպայի խորհրդի թողտվության մի մթնոլորտ է մեզ մոտ, նրանց դրական արձագանքով Հայաստանում կեղծված ընտրություններ եղան: Մենք պետք է նայենք մեզ և տեսնենք՝ որտեղ ենք հայտնվել: Երկիրը շարունակվում է գոյատևել, բայց պետք է հարատևի: Մենք այս քսան տարիների ընթացքում ունենք ավելի շատ կորցրած ժամանակ, քան ձեռքբերում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՄՄ-ն մեկ ապացույց է, որ իշխանությունն ուղղակի տրվում է այդ միությանը:


Քննարկմանը ներկա «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը կարծիք հայտնեց, թե պետք չէ ողբերգություն սարքել այդ ամենից, ամեն ինչ իր հունով գնում է, պարզապես Ռուսաստանը խանգարեց Հայաստանին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը. «Մեր իշխանություններն ու ժողովուրդը մի տեսակ սառեցված հարաբերություններ պահելու հետ կապված սեր ունեն, ինչը լավ բանի չի բերի»: