Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու նախագիծը գյուղապետը մերժել է
Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանին ներկայացվել է Գառնու հեթանոսական տաճարից 100 մետր հեռավորության վրա սրճարան կառուցելու նախագիծ, որը նա մերժել է գրավոր ու բանավոր:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Աշոտ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Գառնու հեթանոսական տաճարը՝ միակ հեթանոսական ամբողջական կոթողը, կառուցվել է I դարի 2-րդ կեսին։ Քրիստոնեության ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը։ Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»։ Շենքը, ըստ ընդհանուր, հորինվածքի պերիպտեր է, որի տարածական-ծավալային կառուցվածքը վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով։ 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։
Հուշարձանը հանդիսանում է հայ ժողովրդի հեթանոսական շրջանի՝ համաշխարհային արժեք ներկայացնող նյութական կուլտուրայի հոյակապ կոթողներից մեկը։










