Մշակույթի նախարարությունն ու Գյումրու քաղաքապետարանն առնչություն չունեն ո՛չ եղևնիների ու գազոնների տեղադրման, ո՛չ հանման հետ
Գյումրու քաղաքապետարանը ո´չ մի առնչություն չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի ընթացքում Գյումրու Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնի ներքին հարդարման աշխատանքների, ինչպես նաև՝ դրսից կանաչ սիզամարգերի տեղադրման ու բնական եղևնիների տնկման հետ:
«Հետևաբար՝ առնչություն չունենք նաև դրանց հանման հետ»,- Tert.am-ին հայտնեց Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:
Tert.am-ի գրավոր հարցմանը նույնպիսի պատասխան տրվեց նաև Մշակույթի նախարարությունից. «Մշակույթի նախարարությունը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ներքին և դրսի հատվածի հարդարման աշխատանքներով չի զբաղվել»:
Մեր համառ փորձերը՝ պարզելու, թե ի վերջո՝ ո՞վ է կանաչ սիզամարգերի տեղադրման ու բնական եղևնիների տնկման և «ապամոնտաժման» հեղինակը, ապարդյուն անցան:
Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթն այսօր տեղեկացրել էր, որ գյումրեցիները բորբոքված պատմում էին, թե Երևանից «քծնողները» եկան, ամեն մի զարդարանք հավաքեցին ու շնչակտուր տարան ու հավելել՝ «ամենայն հավանականությամբ՝ նրանց խոսքը Մշակույթի նախարարության մասին է, քանի որ այս գերատեսչությունն էր թատրոնում աշխատանքներ ծավալել Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ։ Շարքային գյումրեցիներն էլ նեղսրտում էին, թե՝ «դիմացը Նոր տարի է, ինչի՞, մենք արժանի չե՞նք էդ մի քանի ծառին, որոնք ոտից գլուխ, սաղ իրար հետ 100 հազար դրամ արժեն, էլի»:
Նշենք, որ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը իր Facebook-ի էջում նկարներ է տեղադրել և նշել, որ քաղաքապետի հանձնարարությամբ՝ կիպարիսներ են տնկվել Գյումրու թատրոնի սանդղաշարի այն հատվածներում, որտեղից երկու օր առաջ «ցրել էին նոճիները»։










