5 անգամ գազը թանկացել է, ինչը գաղտնի է պահվել. Արամ Մանուկյանը թանկացման ժամանակագրության մասին
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամին ներկայացել էր հաստ թղթապանակով, որտեղ, ինչպես ինքը նշեց, գազի գնին վերաբերող՝ Կառավարության «բլեֆի» բացահայտումներն են, որի վրա տառապել է 6 ամիս։
«5 անգամ գազը թանկացել է, բայց միայն մեկ անգամի մասին է ժողովուրդը տեղեկացել։ Հիմա փաստերով ու ժամանակագրությամբ ապացուցեմ, որ դա եղել է մաքուր քաղաքական խաղ, կապված ընտրությունների հետ և ամբողջ գործընթացը գաղտնի է պահվել և՛ պառլամենտից, և՛ ժողովրդից, և՛ ՀՀԿ-ից»,-հայտարարեց նա և սկսեց թանկացման ժամանակագրության նկարագրությունը։
«2008թ. ընտրություներից մի քանի ամիս հետո կնքվում է պայմանագիր, ըստ որի 5 տարվա մեջ երեք անգամ պետք է թանկանար գազը»,-ասաց նա և ավելացրեց, թե պայմանագրում նաև կետ կա, որը թույլ է տալիս ընթացքում ևս թանկացնել գազի գինը։
Խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո, ըստ պատգամավորի, գազի գինը անմիջապես թանկացել է. 2010թ.-ից գործող՝ 1000 խ/մ գազի դիմաց 180 դոլար գինը դառել է 255 դոլար։
«Հետո գալիս են հաջորդ ընտրությունները, և 2013թ.-ին պարզվում է, որ հերթական անգամ պետք է թանկանար գազը, մինչդեռ բացառում էին, թե որևէ թանկացում, գործարք, փաստաթուղթ կա, որի հիման վրա պետք է գազը թանկանա։ Մենք հարցապնդումով հարց ենք ուղղել, որ 20% բաժնեմասը առևտրի առարկա է, մինչդեռ Կառավարությունը նշեց, թե նման բան չկա։ Նրանք պաշտոնական ասացին, որ թանկացումներ չեն եղել և չեն լինելու»,-ասաց Մանուկյանը և ըստ օրերի նշեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունները, թե թանկացումներ չեն եղել ու չեն լինելու՝ հավելելով, որ դրանից հետո էլ արդեն Սերժ Սարգսյանն էր հայտարարել, թե թանկացման մասին հայտարարությունը բամբասանք ու հերյուրանք է։
Մինչդեռ, ըստ ՀԱԿ պատգամավորի, մարտից արդեն ստորագրվում է պայմանագիր, որ գազի գինը դառնում է 270 դոլար: Տիգրան Սարգսյանը, գաղտնի պահելով թանկացումը և սպասելով վերջին՝ քաղաքապետի ընտրությունների ավարտը, նոր միայն ապրիլի 1-ից է թանկացման մասին պայմանագրով «մտնում գների կոմիտե»։
«Ամբողջ այս թանկացումների ընթացքում «ՀայՌուսագազարդը» չի մուծել ավելացված գներով, այլ վճարել է անընդհատ 180 դոլարով, որից հետո արդեն տարբերությունը պարտք է կուտակել և առաջացել է 300 մլն. դոլարի պարտք։ Պարտքը մերոնք մուծել են՝ տալով միայն 20%-ը («ՀայՌուսագազարդը»-ի 20% բաժնեմասը)՝ գումարի 155 մլն.-ի փոխարեն: Իսկ թե ինչպե՞ս են մուծելու մյուս տարվա պարտքը՝ 130 մլն.-ը, կրկին ոչ ոք չգիտի»,-ասաց նա և փաստեց, թե ընթացքում ստացվել է, որ քաղաքացին մուծել է ոչ թե 180 դոլար, այլ 70 դոլար ավելի, ինչը կուտակվել է և փաստացի վճարվել է 20% ՀՀ ժողովրդի ունեցվածքի հաշվին: «Իսկ մյուս մասն էլ, անհասկանալի է դեռ, թե ինչի հաշվին կվճարվի»,- ասաց պատգամավորը։
Իսկ թե ինչպես է 155մլն. դոլար գնահատվել 20% բաժնեմասը, Արամ Մանուկյանի համար պարզ չէ։ Ըստ նրա, հաշվարկել են «ղումար» խաղաղու հոգեբանությամբ, որը Արամ Մանուկյանի պնդմամբ՝ իրական գնից առնվազն 100 մլն. դոլար պակաս է։ «Ասել են կտանք՝ ինչ ուզում եք, մենակ գազը մի կտրեք»,-նշեց նա և ընդգծեց, որ տվել են այն, ինչի իրավունքն իրենք չեն ունեցել։
«Այդ սեփականությունը տալու իրավունք իրենք չունեն, պետք է պառլամենտով հաստատվեր»,-ասաց նա։
Բացի այդ, ըստ Արամ Մանուկյանի՝ ստացվում է, որ Հայաստանը ոչ թե 180 դոլար է վճարել, այլ շատ ավելի թանկ, քան մեզ վաճառել են, որովհետև պարտքի փոխարեն տվել ենք մեր սեփականությունը։ Այսինքն այն, ինչ իրենք նշում են, թե հասարկությանը էժան գազ է մատարկարվել՝ սուտ է, բլեֆ»,-ասաց նա։
Արամ Մանուկյանը համոզված է՝ «այս խարդախության մեջ դեռևս էլի խութեր կան, որից մեկն էլ այն է, թե ինչի՞ համար պետք է Ռուսաստանը մարի 300 մլն. դոլար պարտքի գրեթե կեսը»։ «Դե դա կարող է լինի Նաիրիտը, Որոտանը, չգիտեմ էլ ինչ, էս իշխանությունը պատրաստ է տալ ամեն ինչ իր աթոռի համար»,-եզրափակեց նա։
Հարցին, թե այսքան փաստերի դեպքում, հատկապես որ նշվում է, թե ողջ ներկայացվածը պաշտոնական թվեր են, ինչու՞ ՀԱԿ պատգամավորը չի վիճարկում եղելությունը դատարանում, Արամ Մանուկյանը պատասխանեց, թե դեռ այդ մասին չի մտածել և ապա ավելացրեց. «Իմ խնդիրն իշխանափոխությունն է, միացեք՝ իշխանափոխություն անենք»։










