«Ժառանգությունը» գարնանը համագումար կանի՝ որոշելու հետագա քայլերը. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, գարնանը կանցկացնի կուսակցության համագումար, որի ընթացքում պետք է լուծվեն ներկուսակցական խնդիրներ, ինչպես նաև` քաղաքական դաշտում կուսակցության հետագա քայլերը: Այս մասին Tert.am-ին փոխանցեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Նպատակահարմար ենք գտնում այդ ժամանակ անցկացնել համագումար, հնարավոր է, որ ավելի շուտ լինի, բայց նախնական այդ ժամանակահատվածն ենք քննարկում»,-ասաց նա՝ նշելով, որ վերջին համագումարն անցկացրել են նախորդ տարվա դեկտեմբերին:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավար նշանակելու մասին Մարտիրոսյանն ասաց, որ դա կուսակցության խնդիրը չէ, այլ՝ խմբակցության, կուսակցությունը կարող է դրա հետ կապված դիրքորոշում ունենալ, բայց իրավական առումով այդ հարցը խմբակցության որոշելիքն է:
Հարցին, թե արդյո՞ք գարնանը սպասվելիք համագումարում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես գա քաղաքական նոր նախաձեռնությամբ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գա Հայաստան,կքննարկեն իրավիճակը և կորոշեն. «Կարծում եմ՝ ո´չ միայն ես,այլև՝ նա վաղուց ենք ասել, որ պայքարում միայն միասնություն է պետք, ուստի նախկինում իր ջանքներն ուղղված են եղել այդ միասնությանը, հետագայում նույնպես իր գործունեությունը դրան ուղղված կլինի»:
Նշենք, որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Արմեն Մարտիրոսյանը, Ռաֆֆի Հովհաննիսյանն այս պահին մասնավոր այցով գտնվում է ԱՄՆ-ում և մինչև դեկտեմբերի 20-ը կվերադառնա Հայաստան:
Մեկնաբանելով քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ այսօր արտահայտած տեսակետը, թե ինքը չի բանավիճում այն մարդկանց հետ, որոնց պայքարն ավարտվում է աղոթքով, Արմեն Մարտիրոսյանը նկատեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին լիներ, միգուցե այդ պայքարը աղոթքով չավարտվեր: Ստացվում է՝ հեռվում կանգնել և սպասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարի և երկրում միայնակ իրավիճակ փոխի: Դրա կողքին խորհուրդ կտայի տեսնել նաև այն, որ Արմեն Մարտիրոսյանն անցել էր ոստիկանական առաջին պատը, սակայն կողքին որևէ մեկը չկար»:










