ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ գալիք տարվա գործող նախագահին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, 2014թ. ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար Նալբանդյանը շնորհավորել է շվեյցարացի գործընկերոջը Շվեյցարիայի համադաշնության նախագահ ընտրվելու, ինչպես նաև հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ։
Նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում ԵԱՀԿ գալիք նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
Արտգործնախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրված օրակարգի իրականացման գործում։
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ։ Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Այս համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերը հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ընդգծել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանյերը անդրադարձել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։










