Եթե այսօր կան մոլորվածներ, նրանց օգնելը մեր պարտքն է. Պ. Հայրիկյանը կշարունակի հանրահավաքները (տեսանյութ)
«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը Երևանի Ազատության հրապարակում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ այսօր հրավիրած հերթական հանրահավաքին հայտարարեց, որ եթե այդ հարցում Հայաստանում այսօր կան մոլորվածներ, նրանց օգնելն իրենց պարտքն է:
«Եթե մենք չօգնենք, նրանց կօգնեն ռուս շովինիստները: Մեր այս հանրահավաքների իմաստը հենց այն է, որ ոչ թե հետին թվով պայքարենք մեծագույն կորուստներ ունենալուց հետո, այլ փորձենք որքան հնարավոր է կանխել»,-հայտարարեց նա:
Հայրիկյանի հրավիրած հանրահավաքն աչքի ընկավ մարդկանց սակավությամբ, ինչպես նաև քաղաքական գործիչների բացակայությամբ, ինչի մասին ԱԻՄ առաջնորդն իր բացատրություններն ուներ. «Այսօր խոսելու պատրաստակամություն հայտնած մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ինձ խնդրեցին, որ տեղում կկողմնորոշվեն, այսինքն՝ իրենք ցանկանում են, որ իրենց խոսքը լսելի լինի հնարավորինս մեծ զանգվածի համար: Ինձ համար նշանակություն չունի, եթե երեք հոգի էլ այստեղ լինեին, ես հրավիրել եմ խոսելու և այդ բանն էլ հենց անում եմ»:
Ինչ վերաբերում է հանրահավաքի պահանջին, նա հայտնեց, որ առաջիկա մի քանի օրերին կազմակերպելու են հասարակական կարծիքի նոր ուսումնասիրություն, որպեսզի պարզվի, թե ինչ են մտածում հայ մարդիկ ստեղծված իրավիճակի մասին:
«Վաղը կարող է քնից զարթնենք և տեսնենք, որ Հայաստանը վաճառել են Ռուսաստանին»-ասաց նա և Ուկրաինայի օրինակը շեշտելով՝ խոսքն ուղղեց նրանց. «Ուկրաինացինե՛ր, իմացե՛ք, որ մենակ չեք, մենք ձեզ հետ ենք: Մենք նույնպես պայքարում ենք մեր երկրի անկախության համար»:










