Ավտոերթին կհաջորդի հեծանվաերթ. «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը նոր ակցիա է կազմակերպում

10:02 • 06.12.13

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունն ի նշան բողոքի հեծանիվներով երթ է կազմակերպում: Այս մասին տեղեկացնում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջը, որն այս պահին ունի ավելի քան 17.000 անդամ:

 

Ֆեյսբուքյան էջում նշվում է. «Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին ժամը 12:00-ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին դրոշներով շարժվում ենք Երևանի կենտրոնական փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ և հետադարձ` դեպի Ազատության հրապարակ:

 

Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար: Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախաձեռնության անդամները նույն նպատակով ավտոերթ էին կազմակերպել:

 

Հիշեցնենք, որ այս օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:

 

Նախաձեռնությունը նաև հանդես է եկել այս խնդրով մտահոգ անձանց միավորվելու կոչով. 

 

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Ազգային ժողովի խմբակցությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, շարժումների և խմբերի հարգելի ներկայացուցիչներ, բոլոր ընկերությունների աշխատակիցներ ու գործատուներ.

 

2013 թվականի դեկտեմբերի 4-ին կրկին առիթ ունեցանք համոզվելու, որ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցությունները՝ ի դեմս ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, հերթական անգամ արտահայտեցին իրենց բացահայտ անտարբերությունն ու արհամարհանքն ավելի քան 250.000 քաղաքացիների հանդեպ, ովքեր սկզբունքային և հիմնավորված անհամաձայնություն էին հայտնել հակասոցիալական և հակասահմանադրական օրենքի վերաբերյալ:

 

Թեպետ Օրենքը վիճարկվելու է ՀՀ Սահմանադրական դատարանում, այնուամենայնիվ, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում, հորդորում և կոչով դիմում է բոլոր մտահոգ քաղաքացիներին, քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին, քաղաքական բոլոր ուժերին՝ անկախ կուսակցական պատկանելությունից, միավորվել և պայքարել մեր բոլորի սոցիալական և սեփականության իրավունքների պաշտպանության համար՝ միասնաբար ու համատեղ ուժերով, կիրառելով օրենքով չարգելված բոլոր հնարավորությունները՝ արտահայտելու մեր անհամաձայնությունը հակասահմանադրական օրենքի վերաբերյալ:

 

Մի կողմ թողնելով բոլոր նեղ խմբակային շահերը՝ միավորվենք և համատեղ ուժերով պայքարենք համընդհանուր արժեքների՝ սահմանադրականության, արդարության, օրինականության ապահովման և հաստատման համար:

 

Խնդրում ենք բոլորին միանալ նախաձեռնությանը՝ համատեղ կազմակերպելու և իրականացնելու բողոքի ու քաղաքացիական անհնազանդության արտահայտման օրինական բոլոր հնարավոր գործողությունները՝ երթերի, ցույցերի, հանրահավաքների, զանգվածային գործադուլների և այլ ակցիաների իրականացման տեսքով:

 

Միայն միասնական պայքարով մենք կկարողանանք իշխանությանն առերեսել այն հրամայականի հետ, որ իրենք, ուզեն, թե չուզեն, ստիպված և պարտավոր են հաշվի նստել ՀՀ քաղաքացիների կարծիքի ու ցանկությունների հետ: Մեզ միանալու համար գրեք es@dem.am էլ. հասցեին»: