Ռուսական բանտերի կալանավորներին կարգելեն պատերազմի մասին գրքեր կարդալ
Ռուսաստանի արդարադատության նախարարությունն ուղղիչ հաստատություններում ներքին կարգի նոր խմբագրում է պատրաստել։
Ինչպես տեղեկացնում է Rossia Today-ը՝ համաձայն այդ փոփոխությունների՝ արգելվելու է ունենալ գրականություն, որը քարոզում է պատերազմ, հեղափոխություն, ազգային և կրոնական թշնամանք է հրահրում։
Ռուսաստանի ՆԳՆ-ին կից Հանրային խորհրդի ներկայացուցիչ Անտոն Ցվետկովը նշել է, որ անհրաժեշտ է գործարկել հստակ ալգորիթմեր, համաձայն որի գիրքը կներառվի «վտանգավորների» շարքում։
Նա չի բացառել, որ ծայրահեղական գաղափարների դեմ պայքարում ստիպված կլինեն զոհաբերել նաև որոշ ոչ շատ վտանգավոր, սակայն կասկածելի հրատարակություններ։
Հանրային խորհրդի անդամ Վլադիսլավ Գրիբը կարծիք է հայտնել, որ բանտերում պետք է արգելվի միայն այն գրականությունը, որը քաղաքակիրթ աշխարհում արգելված է բոլորի համար։
Գրողների միության ներկայացուցիչներն անհանգստացած են նման միջոցառումներով։ Ոստիկանական վեպերի հեղինակ Դանիիլ Կորեցկին, ով նաև ՌԴ վաստակավոր իրավաբան և ոստիկանության պաշտոնաթող գնդապետ է, այդ քայլը պոպուլիստական է որակել։










