Պետք չէ հոգալ իմ բարեկեցիկ ծերության մասին, ես դեռ ծնողներիս բարեկեցության մասին եմ մտածում. հեծանիվներով բողոքի երթ (տեսանյութ)
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության կազմակերպված հերթական բողոքի ակցիան անցկացվեց նաև այսօր։ Նախաձեռնության անդամները կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ անցկացրեցին հեծանիվներով, որը մեկնարկեց Ազատության հրապարակից։
«Դեմ ենք»՝ կպչուն պաստառները մեջքներին փակցրած նրանք շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով մարդկանց իրազեկելով կենսաթոշակային պարտադիր վճարների բացասական կողմերի մասին, թեմային առնչվող թռուցիկներ բաժանելով, ինչպես նաև կոչ անելով միանալ իրենց պայքարին։
Այստեղ հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն են, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստներ, որոնց թիվը մի քանի տասնյակ է։ Tert.am-ի հետ զրույցում «Սինոփսիս» ընկերության աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենք փորձում են կանխել այս ապօրինի նախագիծը և պատրաստ են մինչև վերջ պայքարել։
«Ինձ պետք չի, որ որևէ մեկը մտածի իմ բարեկեցիկ ծերության համար, ես դեռ 25 տարեկան եմ և դրա մասին կարիք չունեմ մտածելու։ Այսօր ես խնդիր ունեմ հոգալու իմ ծնողների բարեկեցության հարցը, սակայն այս օրենքով իմ ֆինանսական միջոցներին մեծ հարված է հասցվում»,- ասաց նա։
Նշենք, որ ակցիային մասնակցում են նաև իգական սեռի ներկայացուցիչներ, ոմանք նույնիսկ իրենց փոքրիկներին են բերել երթին ու սայլակների վրա փակցրել ՝«դեմ եմ»։










