«Եվրամայդանում» կորած 20-ից ավելի ակտիվիստները հայտնաբերվել են

10:26 • 07.12.13

Ուկրաինայի ոստիկանությունը հայտնաբերել է նախկինում կորած համարվող 23 մարդու, ովքեր անհետացել էին  Կիևում եվրաինտեգրաման գործընթացի կասեցման պատճառով սկսված բողոքի ակցիաների ժամանակ:

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությանը հղումով, դեկտեմբերի 4-ի դրությամբ  հաղորդագրություն է ստացվել 34 կորած մարդու մասին, ինչից հետո մեկ օրվա ընթացքում իրավապահները գտել են նրանցից 23-ին: Մյուս 11-ի որոնման աշխատանքները շարունակվում են:

 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր շարունակ Կիևի հազարավոր բնակիչներ բողոքի ակցիաներ են անցկացնում ընդդեմ կառավարության որոշման: Նրանք գրավել են Կիևի քաղաքապետարանի շենքը, Արհմիությունների տունը, Հոկտեմբերյան պալատը, ինչպես նաև բարիկադներ են կառուցել: Վարչապետ Նիկոլայ Ազարովն այս կապակցությամբ ասել է, որ  ընդդիմությունն այս կերպ փորձում է ապօրինի իշխանության գալ:

 

Իսկ փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ քննարկել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: