Եթե երկրաշարժ լինի, Երևանը ավելի վատ վիճակում կհայտնվի, քան Գյումրին. մասնագետ

13:09 • 07.12.13

Եթե այսօր Երևանում կամ մոտակա շրջաններում երկրաշարժ լինի, ապա Երևանը ավելի վատ վիճակում կհայտնվի, քան 25 տարի առաջ Գյումրին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը:

 

Նա նշեց, որ այսօր չի ցանկանում ասել, թե ամեն ինչ լավ է կամ խուճապ առաջացնել մարդկանց մեջ, սակայն անհրաժեշտ է համարում նշել, որ Երևանում ռիսկային գործոնը մեծ է:

 

«Շինարարական չափորոշիչները այսօր պահպանվում են հիմնականում տեսականորեն, քաղաքաշինական նորմերը այսօր չեն պահպանվում: Երբեմն մարդիկ նախընտրում են արագ կառուցել շինությունը, մոռանալով այն մասին, որ ամեն օր կարող է տեղի ունենալ այդ բնական աղետը: Մեր մայրաքաղաքի կենտրոնը խիտ է կառուցված: Դա փաստ է ու ոչինչ անել չենք կարող, բայց դա վտանգ է իրենից ներկայացնում: Պարզապես պետությունը պետք է դա թույլ չտար»,- ասաց նա:

 

Մովսես Պողոսյանը հորդորեց բոլորին տան դռան մոտ հարմար մի տեղ մշտապես ունենալ մի փոքրիկ փաթեթ, որտեղ կլինեն առաջին օգնության անհրաժեշտ պարագաները, ինչպես նաև փաստաթղթերի պատճենները:

 

Թեև մասնագետը ընդգծեց, որ այսօր մարդիկ ավելի իրազեկ են և գիտեն, թե ինչպես պաշտպանվել, սակայն գրեթե բոլոր շենքերում բնակիչները կառուցել են հավելյալ պատեր, տեղադրել ճաղավանդակներ՝ դժվարացնելով աղետի ժամանակ մարդկանց տարհանումը:

 

Դիտարկմանը, թե պետությունն է թույլ տալիս, մարդիկ էլ կառուցում են, նա պատասխանեց. «Ամեն մարդ պետք է սկսի իրենից, եթե ես այսօր գամ խոսամ, ասեմ՝ այսպես մի՛ արեք, հետո գնամ մեր տուն անեմ այն ինչ ուրիշներին թույլ չեմ տալիս, ոչ մի արդյունք չի լինի: Մենք պետք է հասկանանք որ չի կարելի փակել շենքից տարբեր ձևերով դուրս գալու հնարավորությունը, չպետք է խիտ կառուցենք շենքերը»,-ասաց նա: