Կրեմլը հերքել է ՄՄ-ի վերաբերյալ Ուկրաինայի հետ կնքած համաձայնագրի մասին լուրը
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը Սոչիում հանդիպման ժամանակ չեն քննարկել Մաքսային միություն Ուկրաինայի մտնելու հարցը։ Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այդ մասին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինն ու Յանուկովիչը քննարկել են Մոսկվայում դեկտեմբերի 17-ին կայանալիք երկկողմ հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերը։
Նրանք քննարկել են նաև էներգետիկ, ֆինանսական և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։
The Economist հանդեսի ավագ խմբագիր Էդվարդ Լուկասը, հիմնվելով «շատ վստահելի աղբյուրի» վրա, Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել էր, որ Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ Սոչիում համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է Կիևի անդամակցությունը Մաքսային միությանը:










