Երկրաշարժի 25-րդ տարելիցին ՀՀ պետական բարձրաստիճան այրերը Գյումրի և աղետի մյուս գոտիներ չեն այցելել (լուսանկարներ)

13:15 • 07.12.13

Երկրաշարժի 25-րդ տարելիցին ՀՀ պետական բարձրաստիճան այրերը ոչ Գյումրի, ոչ Վանաձոր, ոչ Սպիտակ և ոչ էլ աղետի այլ գոտիներ այսօր չեն մեկնել, չնայած որ ամեն տարվա նման այս տարի էլ սգո արարողություններ եղել են, որը սկսվել է երեկ երեկոյան հոգեհանգստի պատարագով։

 


Փոխարենը՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այս տարի բավարարվել են ծաղկեպսակներ ուղարկելով զոհերի հուշակոթողին։

 


Tert.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը նշեց, թե մինչ այս պահը բարձրաստիճան որևէ պաշտոնյայի այցի մասին տեղեկություն չունի, փոխարենը, ըստ նրա, հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու են եկել դեսպաններ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը և այլն։

 


«Բայց երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ տեղադրված էին ծաղկեպսակներ ՀՀ նախագահի կողմից, կային գերատեսչությունների ղեկավարների կողմից, այսինքն՝ այնպես չի, որ անտեսվել է։ Դա հայ ազգի ողբերգությունն է»,- ասաց նա։

 


Զոհրապ Եգանյանը նշեց, թե առաջին տարին է, որ պետական այրերը չեն այցելել։ «Միշտ էլ այցելել են, ուղղակի աղետի գոտի, ցավոք սրտի, միայն Գյումրին չի»,- ասաց նա։

 

լուսանկարները՝ Լևոն Բարսեղյանի