Սպիտակ՝ աղետից քառորդ դար անց. BBC-ի անդրադարձը (լուսանկարներ)
Քսանհինգ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ խոր հետք թողնելով երկրի պատմության ու նրա բնակիչների հիշողության մեջ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջանները ցնցեցին 6.8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները։ Երկրաշարժի հետևանքով տուժեց երկրի տարածքի 40%-ը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ անդրադառնալով աղետից տուժած Սպիտակ քաղաքին։

Կյանքը վագոն-տնակում
Բազմաթիվ սպիտակցիների պատմությունն ընդհանուր առմամբ նման է՝ անմոռանալի սարսափներ, մահ, կորստի ցավ, կյանք վագոն-տնակում՝ դրական փոփոխությունների հույսով։
Ռաֆիկ Մելոյանի ընտանիքում այդ փոփոխությունները տեղի են ունեցել. օրերս նրանք տուն ստանալու վկայական են ստացել, սակայն դեռ չեն տեղափոխվել։

Մելոյանը հիշում է, որ 25 տարի առաջ այս օրը նա աշխատանքի էր, երբ տեղի ունեցավ երկրաշարժը։
«Երբ դա տեղի ունեցավ, ես վազեցի տուն։ Աղմուկ-աղաղակ, բոլորը խուճապահար վազում էին դուրս։ Եկա, տեսա տունը քանդվել է, միայն փլատակներ։ Սկսեցի կանչել կնոջս, նա արձագանքեց փլատակների տակից։ Հանեցի նրան, սկսեցի փնտրել երեխաներիս»,- հիշում է նա։ Նրա ավագ երեխան 4 տարեկան էր, միջնեկը՝ 2, փոքրը՝ 4 ամսական։
«Փոքրս գրկումս էր։ Ես նրան կորցրի հենց նույն օրը։ Երկուսին հարևանը 7 օր անց հայտնաբերեց...»,- պատմում է Անահիտը՝ Ռաֆիկի կինը։ Կինը 2 տարի չէր հեռանում երեխաների շիրիմից...
Այժմ նրանք ունեն 2 երեխա՝ 24-ամյա դուստր, 22-ամյա որդի։
Աղբյուրը ներկայացնում է նաև Ալիսա Վարդանյանի ընտանիքը։

Կինը բնակվում է որդու ընտանիքի հետ։ Տղան 9 երեխա ունի։ Նրանք ապրում են վագոն-տնակում, որն իրենից ներկայացնում է 2 փոքր սենյակ, որտեղ դրված են մահճակալներ։ Զուգարանը դրսում է...
Երեխաներից 4-ը գիշերում են տուն-ինտերնատում։ Տղան գումար է վաստակում Ռուսաստանում։ Ամանորին պետք է վերադառնա։
Կինը երկրաշարժի ժամանակ կորցրել է տղաներից մեկին և ամուսնուն։ Նա ասում է, որ տուն ստանալու հույս այլևս չունի։
Հույս ավերակների մեջ

Վերջին տարիներին քաղաքում կառուցվել են բազմաթիվ բնակելի տներ, Մշակույթի տուն, եկեղեցի, կան սրճարաններ, մեծ խանութներ։ Կենտրոնական հատվածում արդեն ոչինչ չի հիշեցնում 25-ամյա ողբերգությունը։
Քաղաքային իշխանությունների համաձայն՝ փորձում են լուծել գործազրկության խնդիրը։










