Տավուշի մարզի միակ անվտանգ ճանապարհը վերանորոգման կարիք ունի. երիտասարդները դիմել են նախագահին
Եթե Տավուշի մարզում չվերանորոգվի Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևան ճանապարհը, ապա տավուշցի երիտասարդները ֆոնդ կստեղծեն, կփորձեն գումար հավաքել ու հնարավորության սահմաններում հարցը լուծել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի բնակիչ ԵՊՀ միջազգային հարաբերությունների մագիստրանտ Սիրանույշ Մելքոնյանը: Նա պատմեց, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհը շուրջ մեկուկես ամիս է փակ է այն օրվանից, երբ ադրբեջանական զինված ուժերը կրակեցին ճանապարհի ուղղությամբ, իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհը ոչ միայն վատ վիճակում է գտնվում (4 կմ բաց տարածք ունի թշնամու հետ), այլ ձմռան ամիսներին անանցանելի է դառնում սարից իջնող ձյան պատճառով:
«Երրորդ ճանապարհը Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևանն է, որը ամբողջովին գրունտային է և կառուցման օրվանից երբևէ չի վերանորոգվել: Բայց դա միակ անվտանգ ճանապարհն է՝ թշնամու հետ չունի տեսադաշտ: Հիմա մենք սարով ենք գնում՝ Բերդ-Իջևան ճանապարհով, արդեն երկու ավտովթար եղել է, որովհետև բուքը չի թողնում ճանապարհը մաքուր մնա, բացի այդ, այնտեղ էլ մի քանի օր առաջ կրակոցներ են եղել, ուղղակի այստեղ թշնամու տեսանելիությունը մի քիչ հեռու է»,- ասաց նա:
Սիրանույշ Մելքոնյանը նշեց, որ հարցը լուծելու համար մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, ինչպես նաև Բերդի քաղաքապետը, միասին ժողով են արել ու դիմում գրել նախագահին: Պատասխանը դեռևս չեն ստացել: Նախագահին նամակ են ուղարկել նաև Տավուշի երիտասարդները, քանի որ կարծում են, որ Հայաստանում նման խնդիրները լուծվում են նախագահի մակարդակով:
Ներկայացնում ենք նամակը ստորև, որը նախագահին ուղարկվել է երեկ երեկոյան.
«ՀՀ մեծարգո պարոն նախագահ, Ձեզ ենք ուղղում Տավուշի մարզի` նախկին Շամշադինի շրջանի երիտասարդ սերնդի խոսքը, պատգամը, խնդրանքը, պահանջը: Յուրաքանչյուր ժողովրդի ապագան նրա երիտասարդության ձեռքում է. մենք պատվով և հպարտությամբ ենք կրում պատասխանատվություն, տեր ենք կանգնում մեր ապագային և ուզում ենք այն կերտել մեր ծննդավայրում` ակնկալելով պետության բարձր աջակցությունը:
Վստահ ենք` քաջատեղյակ եք, որ մեր հայրենիքի սահմանապահ ժողովուրդն, իր հողին ու արմատներին կառչած, ապրում ու արարում է` մշտական անձնվիրությամբ դիմակայելով թշնամուն: Խորհրդանշական է, որ տարածաշրջանի սահմանը թշնամու հետ այնքան է, որքան հեռավորությունը մայրաքաղաքից։ Այստեղ ճանապարհը ուղղակի կապուղի չէ, ինչպես շատ վայրերում, այլ կյանքի և անվտանգության երաշխիք։ Սույն թվականի հոկտեմբերի 22-ին` Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածում, թշնամին խաթարեց անդորրն ու մեզ կանգնեցրեց սպասված փաստի առաջ։ Արդեն ավելի քան 1.5 ամիս է ճանապարհը փակ է և խնդրի լուծման որևէ տեղաշարժ չկա։ Այլընտրանք հանդիսացող Բերդ-Ճամբարակ ճանապարհը անգամ հետևողական մաքրման պայմաններում ձմռանն անանցանելի է: Դրանից զատ` այս ճանապարհը ևս, ունենալով գրեթե 4 կմ բաց սահման թշնամու հետ, ցանկացած պահի կարող է արժանանալ նույն ճակատագրին։ Տարածաշրջանը Երևանին կապող միակ ռազմավարական ճանապարհը Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևան ճանապարհն է, որը գտնվում է անմխիթար վիճակում։
Լսել ենք, որ այս ճանապարհի շինարարության հիմնական խոչընդոտը թանկ լինելն է։ Սակայն ինչի՞ց թանկ՝ հայրենիքի՞ց, ապագայի՞ց։ Իրավիճակն ավելի է սաստկանում Ամանորի նախաշեմին, քանի որ ծննդավայրից հեռու գտնվող տավուշցիները ցանկանում են Ամանորը դիմավորել հայրենի հողում: Մեծարգո պարոն նախագահ, մենք գիտենք, որ Ձեր կենսագրության մեջ ռազմական փորձն առյուծի բաժին ունի: Դուք էլ եք անցել պատերազմի թոհուբոհով: Վստահ ենք, որ ավելի քան հասկանում եք մեզ, ավելի քան կիսում եք մեր վրդովմունքն ու մտահոգությունը։ Ուստի, Տավուշի երիտասարդությունը, լինելով համակարծիք, խնդրում և պահանջում է բարեկարգել Իծաքար-Գանձաքար-Իջևան ճանապարհը, հավուր պատշաճի և հետևողական կերպով իրականացնել Բերդ-Ճամբարակ ճանապարհի անընդհատ հսկողությունն ու մաքրման աշխատանքները:
Քաջ գիտակցելով, որ Պառավաքար-Վազաշեն-Իջևան ճանապարհը փակելը նահանջ և մեր ուժերի նկատմամբ թերահավատություն կառաջացնի, բանուկ պահել նաև այդ ճանապարհը` բազմապատկելով վերահսկողությունը մարտական դիրքերում:
Մենք կորցրել ենք մեր մանկությունը` թնդանոթների ձայների տակ` ապաստարաններում: Իսկ պատերազմական հիշողություններով ապրող սերունդը իրավունք չունի կորցնել այն ապագան, որը պետք կերտի իր ծննդավայրում:
Հարգանքով և շուտափույթ գործնական քայլերի հավատով` Տավուշի երիտասարդություն»:










