Ուկրաինան որոշել է Մաքսային միությանն անդամակցել. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է Կիևի անդամակցությունը Մաքսային միությանը: Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է The Economist հանդեսի ավագ խմբագիր Էդվարդ Լուկասը, ով իր հերթին հիմնվել է «շատ վստահելի աղբյուրի» վրա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում են ունեցել Սոչիում: Հիմնվելով այս տեղեկության վրա՝ Լուկասը նաև հավելել է, որ Սոչիում կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ Ռուսաստանն Ուկրաինային է հատկացնելու առնվազն 5 մլրդ դոլար ու ռուսական գազի գինն այդ երկրի համար սահմանելու է 200 դոլար 1000 խմ-ի համար, ինչը զգալի էժան է 2009թ. գներից:
Լուկասի կարծիքով՝ Կիևը ՄՄ-ին կանդամակցի մինչ 2015թ.` նախքան նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնավարման ժամկետի ավարտը:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ նախագահներ Յանուկովիչն ու Պուտինը Սոչիում քննարկել են ռազմավարական համագործակցության վերաբերյալ խոշոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները:










