Հայաստան այցելելով՝ Դավութօղլուն փորձելու է շոու սարքել. Արտակ Շաքարյան
Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն կփորձի շոու սարքել դեկտեմբերին Երևանում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին իր այցելության ժամանակ՝ 2015-ի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ղարաբաղյան խնդիրը միախառնելու ախորժակով:
-Պարո′ն Շաքարյան, դեկտեմբերի 12-ին Երևանում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին ներկա կլինի նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն: Հաշվի առնելով այն, որ Անկախությունից հետո առ այսօր Թուրքիայի արտգործնախարարը երկու անգամ է այցելել Հայաստան, այդ հավաքին նրա մասնակցությունը համարում եք սովորակա՞ն, թե՞ ոչ սովորական:
-Անշուշտ` սովորական չէ, և միանշանակ է, որ նա փորձում է շոու սարքել, ամբողջ աշխարհին ներկայացվելու է, որ նա գնացել է Հայաստան, հանդիպել է ՀՀ պաշտոնյաների հետ: Չնայած հնարավոր է, որ պաշտոնապես այդ մասին չխոսվի, բայց, ամեն դեպքում, ինքը ասելու է, որ հասել ենք ինչ-ինչ համաձայնությունների, որոնց մասին շուտով կիմանաք: Ավելի շատ 2015-ի նախապատրաստում է, դրա իմիտացիայի շրջանակներում:
- Այսինքն՝ 2015-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայաստանի և Սփյուռքի կողմից քայլերը չեզոքացնելու, դրանց հակազդելու շրջանակներու՞մ:
- Այսինքն՝ 2015-ի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ղարաբաղյան խնդիրը միախառնելու ախորժակով:
-ՌԴ նախագահի՝ Հայաստան այցելության ժամանակ եղան քաղաքական խմբեր ու քաղաքացիական ակտիվիստներ, որոնք «ո′չ» ասացին: Ձեր կարծիքով՝ ճի՞շտ կլինի, որ թուրք արտգործնախարարի այցելության ժամանակ ևս ազգայնական և ոչ ազգայնական ուժերն ընդդեմ Դավութօղլուի այցելության բողոքի ակցիաներ կազմակերպեն, «ո′չ» ասեն:
-Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է լինի «ո′չ» ասելը, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում՝ դաշնակցական և այլ խմբեր ցույցերով կամ պաստառներով «կողջունեն» Դավութօղլուին: Բայց ուրիշ կերպ «ո′չ» ասելը, կրկնում եմ, չեմ պատկերացնում, որովհետև ամեն դեպքում` ինքը չի եկել Հայաստանի իշխանությունների հետ երկկողմ հարաբերությունների հրավերով: Պարզապես` նիստը անցկացվում է Հայաստանում, ֆորմալ հրավիրել են, ընդունել է հրավերը մասնակցում է: Այնպես որ, կարծում եմ, որ կոչեր կլինեն, որ «ստախոս ու ոչ ճշտապահ դիվանագետը Հայաստանում գործ չունի անելու»: Հնարավոր է, որ մոտավորապես` այդ կարգի կարգախոսներ լինեն:
-Իսկ «ստախոս» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:
-Այն, որ արձանագրությունների ողջ ընթացքը ցույց տվեց, որ Թուրքիան հավատարիմ չէ իր իսկ ստորագրություններին, որ ողջ ընթացքը փորձում է խառնել և որ անկեղծ չէ:
-Ակնկալո՞ւմ եք Դավութօղլուից «հետաքրքիր» հայտարարություններ:
-Այո′, ակնկալում եմ սկանդալային և շոու հայտարարություններ:
-Օրինա′կ:
-Չեմ կարող բառ առ բառ կանխատեսել, բայց որ Հայաստան այցից հետո ողջ աշխարհում մամուլով կգնա այն տեղեկատվությունը, թե «Դավութօղլուն հանդիպեց իր հայ գործընկերների հետ, բացահայտ կամ ոչ բացահայտ քննարկեց հայ-թուրքական հարաբերությունները, և այլն», այս ոճի մեջ շատ հայտարարություններ կլինեն:
-Պարո′ն Շաքարյան, Ձեր կարծիքով՝ Թուրքիային անհանգստացնու՞մ է Գյումրիում 102-րդ ռազմաբազայի ընդլայնումը:
-Ակնհայտ է, որ որքան Ռուսաստանը տարածաշրջանում ուժեղ է, այնքան Թուրքիան թույլ կլինի: Այսօր որքան էլ խոսեն ռուս-թուրքական կամ թուրք-իրանական հարաբերությունների բարելավման մասին, միևնույն է՝ Թուրքիան հստակ գիտակցում է, որ թե՛ Ռուսաստանը, և թե՛ Իրանը մրցակիցներ են:
-Սակայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման հողի վրա կարծես ռուս-իրանական հարաբերություններն են լարված դարձել: Մասնավորապես` Իրանը հետևողականորեն հայտարարում է, որ պատրաստ է ռուսականից շատ ավելի էժան գնով գազ մատակարարել Հայաստան:
-Միշտ լինում են հայտարություններ, և դրանք մոռացվում են, իսկ իրական քաղաքականությունը՝ realpolitik-ը, մնում է պատմության էջերում, և մեկ-երկու դոլար ավել-պակաս՝ այդքան էլ էական չէ, էական են դարակազմիկ իրադարձությունները:
-Ձեր կարծիքով՝ միջազգային հանրությունը օրակարգում պահու՞մ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, «հաշտեցման»` ինչպես ժամանակին ձևակերպվում էր, հարցը՝ վիժեցված ծրագիրը, որ զույգ արձանագրությունների տեսքով մտավ երկու երկրների խորհրդարաններ ու մնաց առկախված:
-Ցավոք` այդքան էլ վիժեցված չէ, որովհետև «սառնարանում դրված» է, և երբ միջազգային կոնյուկտուրան ավելի պատրաստ լինի, արձանագրությունները սառնարանից դուրս կհանվեն. միջազգային հանրության համար արձանագրությունները խաղաքարտ են, որը կարող են խաղարկել հարմար իրավիճակի դեպքում:
-Բայց մեր իշխանությունները պատրաստ կլինե՞ն դրանք սառնարանից հանել, այսինքն՝ վավերացնել:
-Հայկական կողմը միշտ ասել է, որ գնդակը թուրքական դաշտում է, և եթե Թուրքիան իր խորհրդարանում վավերացնի, ապա ՀՀ իշխանություններին այլ բան չի մնա, քան` դրանք վավերացնելը:










