Վլադիմիր Պուտինի խոշորամասշտաբ երազանքը. Business Insider
Ուկրաինայում շարունակվող քաղաքական ճգնաժամը նոր ուշադրություն է գրավել Եվրասիական միության վրա՝ Վլադիմիր Պուտինի քաղաքական և տնտեսական միության մասին մեծ երազանքը, որը կկամրջի Եվրոպան և Ասիան, գրում է Business Insider-ը:
Ըստ հոդվածագրի՝ Եվրասիական միությունը Վլադիմիր Պուտինի նախագիծն է, որը նպատակ ունի ոչ միայն Ռուսաստանին և նրա դաշնակիցներին հնարավորություն տալ մրցակցելու ԱՄՆ-ի, Չինաստանի և ԵՄ-ի նման տնտեսական հսկաների հետ, այլև ճանապարհ հարթել ՌԴ-ի համար՝ տարածաշրջանային ուժի կենտրոնում հաստատուն դիրք գրավելու համար:
Եվրոպական Միության և Եվրասիական Մաքսային միության երկրների համատեղ քարտեզում կարմիրով են նշված այն երկրները, որոնք այժմ Եվրասիական Հանձնաժողովի անդամ են՝ Ռուսաստան, Բելառուսիա և Ղազախստան:
Վարդագույնով այն երկրներն են, որոնք համարվում են Եվրասիական միություն մտնելու թեկնածուներ՝ Հայաստան, Տաջիկստան և Ղրղզստան: Մուգ կապույտով ԵՄ-ի 28 անդամ-երկրներն են, բաց կապույտով՝ երկրները, որոնք համարվում են պոտենցիալ ԵՄ անդամ-պետություններ՝ Իսլանիդա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Սերբիա, Թուրքիա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո:
Կանաչով պատկերված են այն երկրները, որոնք ընտրություն են կատարում ԵՄ-ի և Եվրասիական միության միջև՝ Ուկրաինա, Վրաստան:
Հեղինակը նշում է, որ բացի Եվրասիական միության այս` արդեն իսկ մասշտաբային ծրագրից, գոյություն ունեն նաև այլ «ֆանտաստիկ» ծրագրեր. Ռուսաստանի մի քաղաքական գործիչ առաջարկել էր միությունը ընդհուպ մինչև Մոնղոլիա, Ֆինլանդիա, անգամ Կուբա և Վենեսուելա լայնացնելու գաղափարը:
Պուտինը, հնարավոր է, ավելի հետաքրքրված է սիմվոլիզմով, քան իր ծրագրի իրականությամբ, գրում է Business Insider-ը: Նա հրապարակայնորեն ասել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը «իսկական ողբերգություն» էր և «20-րդ դարի ամենամեծ գեոպոլիտիկ աղետը»: Պուտինը չէր խոսում կոմունիզմի մասին, նա խոսում էր Ռուսաստանի մասին, որը կորցնում էր իր մեծ գեոպոլիտիկ դիրքը որպես կայսրության կենտրոն:
Եվրասիական միությունն այդ դիրքը վերականգնելու նրա ծրագիրն է, եզրափակում է հոդվածագիրը:











