Գերմանիայի նախագահը բոյկոտում է Սոչիի Օլիմպիադան
Գերմանիայի նախագահ Յոաքիմ Գաուկը չի այցելի Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերին: Այդ մասին նախագահի գրասենյակը տեղեկացրել է Ռուսաստանի կառավարությանն անցած շաբաթ, գրում է dw.de-ն՝ հղում անելով Der Spiegel ամսագրին: Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղարը նույն օրը հաստատել է տեղեկությունը dpa գործակալությանը:
«Այդ որոշումը հարկավոր է մեկնաբանել որպես մարդու իրավունքների ոտնահարման քննադատություն և բողոք Ռուսաստանի ընդդիմության վրա ճնշումների դեմ»,- գրում է Spiegel Online-ը:
Յոաքիմ Գաուկը, այնուամենայնիվ, ջանում է անել այնպես, որ Սոչի մեկնելուց հրաժարվելը չընկալվի որպես անհարգալից վերաբերմունք գերմանացի մարզիկների նկատմամբ. նա մտադիր է ընդունել նրանց Մյունխենում Օլիմպիադայի վերադառնալուց հետո:
Յոաքիմ Գաուկն իր պատշոնավարման ընթացքում Ռուսաստան պաշտոնական այցելություն երբեք չի կատարել: Նա բազմիցս քննադատել է Ռուսաստանում մարդկանց իրավունքների ոտնահարումը և ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա ճնշումները:










