«Ո′չ» ՄՄ-ին, գալիք տարին՝ առանց իշխանությունների. ի՞նչ կախված կլինի «քաղաքացիական տոնածառից»

22:00 • 08.12.13

Եթե Երևանում տեղադրվի «քաղաքացիական տոնածառ», ապա Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կկախի հետևյալ ցանկությունը` թող Հայաստանը չանդամակցի Մաքսային միությանը: Այս մասին Tert.am- ի հետ զրույցում հայտնեց Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:


Հիշեցնենք, որ ազգագրագետ, «Նախախորհրդարանի» անդամ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով առաջարկում է Երևանում «քաղաքացիական տոնածառ» տեղադրել, իսկ որպես զարդարանք տոնածառից կախել ցանկությունների գրառումները՝ ինչից կցանկանային ազատվել անցնող տարվա հետ և ինչ կխնդրեին սկսվող տարուց։


Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, ի պատասխան նույն հարցի, ասաց, որ տոնածառից կկախի ազատամարտիկի ցանկություն:
«Ազատագրել սերժիզմից Հայաստանը և` բոլոր «իզմերից»: Երկրորդ՝ կառուցենք նոր Հայաստան: Երրորդ ցանկությունը՝ թող ողջ հայ ազգն իրեն ազատամարտիկ զգա»:


Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, եթե լինի նման քաղաքացիական տոնածառ, կկախի ցանկություն, որ երկրում օրենքները հավասար լինեն բոլորի համար:


Իսկ երգիչ Դավիթ Ամալյանը ոչ մի բան չի կախի այդ տոնածառից, քանի որ նախաձեռնության և կոչի իմաստը չի հասկանում:
«Տոնածառը միակ բանն է, որ հասարակական-քաղաքական- քաղաքացիական-օրակարգ բառակապակցությունների հետ չի համադրվում: Չեմ ուզում մեր բոլոր պրոբլեմները կախել էդ խեղճ տոնածառից: Ափո′ս է, է′լի»,-ասաց Դավիթ Ամալյանը: