ՀՔԾ-ում Վարդան Պետրոսյանի գործով քննիչի դեմ նյութեր են նախապատրաստվում. Նիկոլայ Բաղդասարյան

18:34 • 09.12.13

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով քննիչ Հայկ Հակոբյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու կասկածանքով, Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Նա նշեց, որ այսօր առավոտյան ժամը 10-ից մինչև 18-ը Վարդան Պետրոսյանը ՀՔԾ-ում հարցաքննության է ենթարկվել:

 

«Նյութերի նախապատրաստումը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա է սկսվել: Վարդան Պետրոսյանին բավականին երկար ու մանրամասն հարցաքննեցին՝ կապված այն բանի հետ, թե ինչ է տեղի է ունեցել այն օրերին, երբ Հայկ Հակոբյանը հարցաքննել է դերասանին: Հուսով ենք, որ գործին ընթացք կտրվի»,- ասաց նա:

 

Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ եթե հաստատվի այն հանցակազմը, որը, ըստ ՄԻՊ-ի, առկա է եղել քննիչի գործողություններում, ապա 10-օրյա ժամկետում նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի:

 

«Հարցաքննող քննիչն էլ էր զարմացած, որ նման ապօրինություններ են արել և հայտնի չէ, թե ինչի համար»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան բախվել էր «Վազ 2121» մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով՝ «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

 

Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: