Ստացվեց, այնպես, որ ՄՄ-ում ենք, հիմա պետք է ձգտենք անկախ մնալ. Աշոտ Մանուչարյան

14:25 • 09.12.13

Մաքսային միություն շրջադարձից հետո կտրուկ սրվել է իրավիճակը՝ հանուն Հայաստանի. Հայաստանում պակասել է արտաքին ուժերին սպասարկող ուժերի ազդեցությունը և երկրորդականացումը դրսից ձևավորված իշխանական համակարգի և անկախություն հաստատելու հնարավորությունները բուն Հայաստանի տարրերի համար՝ հայ ժողովրդի համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման արձանագրումներ արեց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։


Ըստ նրա՝ շնորհիվ սրա կարող ենք ձեռք բերել այն, ինչ երկար ժամանակ երազում էինք՝ անկախությունը: «Իսկ անկախությունը մեզ համար հույժ կարևոր է, որովհետև հիմա չկա աշխարհում որևէ կետ, որին կարողանաս ապավինել: Նախկինում կային այսպես ինչ-որ լուսավոր գաղափարներ տարածող կետեր: Այսօր բացարձակ ճգնաժամ է և անտարբերություն ողջ աշխարհում»,-ասաց նա և ավելացրեց, որ համաշխարհային կենտրոնների հետ ճակատագիր կապելն անմտություն է, թեկուզ նրանով, որ «ինքը չգիտի՝ ինչ անի»: Այս պայմաներում, ըստ նրա, առաջարկը մեկն է՝ լինել անկախ՝ համագործակցելով բոլորի հետ:


Մաքսային միություն. հիմա այստեղ ենք, չնայած մեզ ձեռնտու է ո՛չ ՄՄ–ը, ո՛չ ԵՄ–ը

Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ Հայաստանի համար ձեռնտու է ո՛չ ԵՄ-ում, ո՛չ Մաքսային միությունում լինելը, և համագործակցելը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ–ի հետ, որը, ըստ նրա, ԱՄՆ գործիքն է: 


Բայց ունենք այն, ինչ ունենք, այսինքն՝ ՄՄ-ում պետք է լինենք մինչև ժողովուրդները կարողանան ձեռք բերել որակներ՝ իրենք տնօրինեն իրենց ճակատագիրը։ «Հիմա մեզ համար կարևորագույնը այն է, որ դա բերել է հնարավորությունների աճի՝ անկախություններ ձեռք բերելուն, ուրեմն փորձենք օգտվել դրանից»,- ասաց բանախոսը:


Ազգային ուժերը՝ հանցագործներ


Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ վերջին 25 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ազգային ուժերը եղել են Հայաստանում հանցագործությունների հիմնական դերակատարները և (առանց կոնկրետ անունների Աշոտ Մանուչարյանը ակնարկեց Դաշնակցությանը) և մասնակցել են գործարքների ընդդեմ հանրապետության:


«Արտաքին ուժերը նկատել են, որ Հայաստանում շատ մեծ նվիրվածություն կա ազգային արժեքներին՝ մեր ուրույն կերպարը պահպանելու հարցում: Եվ հետևաբար, ունեն հեռանկար: Եվ սկսվել է արհեստական ձևավորումը ազգային ուժերի, որոնք սպասարկում են հատկապես Արևմուտքի շահերը: Ռուսները քաղտեխնոլոգիաներից հեռու են, բայց երկու կողմն էլ՝ ռուսներն էլ, Արևմուտքն էլ բացարձակապես աշխատում են ագենտուրայի հետ՝ վարձկանների կամ ազդեցության վարձկանների հետ: Իրական ազգային ուժերի հետ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն աշխատում»,- ամփոփեց Աշոտ Մանուչարյանը:


Եվրոպա՛, չգրգռեի՛ր ռուսական «քնած արջին»


Եթե արևմտյան կենտրոններին Հայաստանում սպասարկող քաղաքական ուժերը և անհատները, որոնց Աշոտ Մանուչարյանը անվանում է կա՛մ ուղիղ, կա՛մ ազդեցության գործակալներ, չգրգռեին ռուսական «քնած արջին», ապա Ռուսաստանը չէր «զարթնի» և չէր վերափոխի իր նախապես դրված պայմանը ՝«և՛ և՛»-ը «կամ, կամ»-ով: Կարծում է ընդդիմադիր քաղաքական գործիչը:


Այս գործընթացը բերեց նրան, որ այդ ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին: Ըստ որում, Աշոտ Մանուչարյանի խոսքը և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի մասին է:


ԿԳԲ-ն չի հասնում ԱՄՆ հնարավորությունների մեկ հարյուրերորդին


Ուկրաինայի նկատմամբ կատարվել են խոստումները, ԵՄ չտված գումարները փոխհատուցելու խոստում-հեռանկարներ, բայց ոչ դրվել է ԿԳԲ–ական պորտֆել՝ Վիկտոր Յանուկովիչի առաջ, ինչի մասին ԵՄ հետ ասոցացումից անմիջապես հետո հաղորդում էր ուկրաինական լրատվամիջոցները:


«Հինգ միլիարդ մարդու խոսակցություններ վերահսկում են ամբողջ օրը, հայտարարեց ԱՄՆ համապատասխան գերատեսչության ղեկավարը: ԿԳԲ-ն հիմա ի վիճակի՞ է էդ կարգի բաներ անել: Դրանք բարդագույն, նորագույն տեխնոլոգիաներ են, որոնք չունի Ռուսաստանը և չի էլ կարող մոտ գնալ»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:


Աշոտ Մանուչարյանն ընդդեմ «Հայկական պլանշետի»


«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը զարմացած է և ոչ մի կերպ չի հասականում՝ ի՞նչ ասել է հայկական պլանշետ:


«Վերջը մենք դրա ի՞նչն ենք արտադրում, էդ պլաստմասա՞ն, ինչ-որ ծրագրից մի բան թարգմանել ենք հայերե՞ն, ես ուզում եմ հասկանալ՝ սա պրոպագանդիստակա՞ն ակցիա է, վաղն էլ կասեն՝ ԱՄՆ-ի հետ ավիակիր ենք արտադրում, որովհետև զուգարանի թղթերը մենք ենք մատակարարում»,- ասաց Աշոտ Մանուչարյան։


Նա այն կարծիքի է, որ սա ևս հանուն Հայաստանի համար գերտերությունների պայքար է, որում Հայաստանն իրեն պարտավոր է «բծախնդիր» պահել: Այսինքն՝ վեր կենալ հայտարարել՝ եթե արտադրել ենք համատեղ, ասենք՝ կեցցե ԱՄՆ-ն, որ վաղը Ռուսաստանը խանդից մեզ մեկ այլ ծրագիր առաջարկի, չե՞նք արտադրել՝ կանգնենք՝ այդ մասին հայտարարենք:


Իրանը կարևորագույն առաջարկներ է անում


Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Իրանը վերջին շրջանում շատ ավելի վճռական ձայնով հանդես է գալիս տարածաշրջանում որպես երկիր, որը վիճակը դեռ էլի փոխվելու է: Եվ այս պայմաններում, Հայաստան-Իրան համագործակցութունը, ըստ բանախոսի, հիմնարար նշանակություն ունի ոչ միայն մեր, այլ գործընթացների համար:


«Չմոռանանք, նա լիդեր իսլամական երկիր է, որը շատ կարևոր մի բան է արել. նրա հոգևոր ավանդույթը միջմուսուլմանական լրիվ պահպանվել և փոխանցվել է իսլամական նրա համակարգին: Նույնն է կատարվել, ինչ Հայաստանում. մենք էլ մեր հոգևոր ժառանգությունը պահպանել ենք և փոխանցել ենք քրիստոնեությանը: Եվ այդ խորը համագործակցությունը կարող է բերել որակապես նոր համագործակցությունների»,– ասաց Աշոտ Մանուչարյանը՝ ավելացնելով, որ Իրանը, որ մեր այդ որակներին ծանոթ է, հիմա մեզ շատ հեռուն գնացող հայտ է ներկայացնում:


Բանախոսը հավելեց, որ Իրանը տեսել է այստեղ ժողովրդի և նրա տարրերի՝ ինտելեկտուալ դաշտի, ազատամարտիկների և այլնի ակտիվությունը, որոնք «բուն Հայաստանն են» նվիրված չեն այս կամ այն կողմին, և տեսնում է, որ Հայաստանը կարող է կրկին վերագտնել ինքն իրեն և Իրանին էլ տեսնում է որպես առաջին բարեկամ երկիր: