Ջորջ Քլունին աջակցել է Կիևի ցուցարարներին (տեսանյութ)

16:40 • 09.12.13

Հայտնի հոլիվուդյան դերասան, Կլիչկո եղբայրների ընկեր Ջորջ Քլունին իր աջակցությունն է հայտնել «Եվրամայդանին» և բոլոր ուկրաինացիներին, որոնք «պայքարում են իրենց իրավունքների և երկրում ժողովրդավարական արժեքների հաստատման համար», գրում է Интерфакс-ը։

 

«Ես դիմում եմ ձեզ, խիզա՛խ ուկրաինացիներ, ապագայի, այլ ոչ թե անցյալի համար պայքարողներ։ Մենք՝ ամերիկացիներս, նման ենք ձեզ ժողովրդավարության ձգտելու առումով։ Փորձերի և սխալների շնորհիվ մենք հասկացել ենք, որ իրական ժողովրդավարություն գոյություն չունի առանց ազատ, ազնիվ և թափանցիկ ընտրությունների»,- ասել է Ջորջ Քլունին ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում։

 

Դերասանը վստահություն է հայտնել, որ գոյություն չունի այնպիսի ժողովրդավարություն, որտեղ ձերբակալում և խոչընդոտում են խաղաղ ցուցարարներին։

 

«Իսկապես գոյություն չունի ժողովրդավարություն, երբ կան քաղբանտարկյալներ՝ ինչպես Յուլյա Տիմոշենկոն։ Այդ պատճառով էլ ցանկանում եմ ասել ձեզ՝ Կիևի մայդանում և ամբողջ Ուկրաինայում գտնվողներիդ՝ երբ նայում եք դեպի Արևմուտք, իմացեք, որ մենք հիացմունքով ենք պատասխանում ձեզ։ Մաղթում ենք ձեզ այն իշխանությունը, որը դուք եք ցանկանում։ Եվ մենք ձեզ ուժ ենք մաղթում՝ պայքարելու համար»,- ասել է Քլունին։