Մաքսային միությանն անդամակցության պայմանագիրը Դավիթ Հակոբյանը համեմատում է Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերի հետ

14:04 • 09.12.13

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը թեև  դեմ չէ, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, սակայն, ըստ նրա, դեմոկրատիան պահանջում էր, որպեսզի նման որոշում կայացնելուց առաջ իշխանությունները հաշվի նստեին հասարակության կարծիքի հետ: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը:

 

«Մաքսային միությանն անդամակցության պայմանագիրը ես համեմատում եմ Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերի հետ։ Ամենակարևորն այդ պայմանագրի մեջ այն է, որ կփոխվի արցախյան հարցի լուծման դիվանագիտական դոկտրինան: Ահա այստեղ է, որ հարցը կրկին պետք է դրվի ռեֆերենդումի՝ արցախահայությունն ուզում է միանալ Հայաստանի՞ն, թե՞ Արցախը հռչակել անկախ պետություն կամ գուցե ուզում են, որ Արցախը դառնա Ռուսաստանի ներքին քաղաքական սուբյե՞կտ»,-ասաց նա:

 

Նա ընդգծեց, ոոր այս երեք սկզբունքներից թե որը կընտրի արցախահայությունը, իր խնդիրն է, բայց ՀՀ Ազգային ժողովը մեկ գերխնդիր ունի. «Իր որոշմամբ պարտադրել Հայաստանին դուրս գալ բանակցային գործընթացից` տեղը զիջելով Արցախին: Քեթրին էշթոնների և եվրոպացի այրերի հետ պաչպռոշտիների ժամանակներն անցել են»,-ասաց նա:

 

 

Մարքսիստն անդրադարձավ նաև իշխանափոխության հարցերին և ընդգծեց, որ իր կարծիքով հեղափոխական ուժեր Հայաստանում կան և լիդերներ անպայման կծնվեն։ «Եթե իշխանափոխության համար նոր լիդեր չլինի, ես կամ ու կամ»,- ասաց նա։

 

Մարքսիստի դիտարկմամբ` լավ կլինի, որ իշխանափոխությունը լինի վերևից` նոր պառլամետնական ընտրությունների անցկացում, նոր կառավարության ձևավորում:

 

«Եթե իշխանափոխություն լինի ներքևից, ապա դա կլինի ծանր քաղաքական կատակլիզմա, որը Հայաստանը կդարձնի հերթական արյունոտ թատերաբեմ,-ասաց նա և հավելեց,-խորհրդարանական այն չորս քաղաքական ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են հայտարարում, պետք է վայր դնեն մանդատները, իսկ եթե ոչ, ուրեմն զբաղված են դատարկ քաղաքական ֆլիրտով»: