Հնդկաստանի փոստն առաջարկում է հաճախորդներին իրենց լուսանկարները տեղադրել նամականիշների վրա
Հնդկաստանի փոստն առաջարկում է իր հաճախորդներին նամականիշների վրա իրենց սեփական, ընտանեկան կամ սիրելի տեսարժան վայրի լուսանկարները տեղադրել, սոսնձել ծրարին և ուղարկել աշխարհի ցանկացած կետ։ Միայն մեկ ամսվա ընթացքում 2.000 նման նամականիշի պատվեր է գրանցվել, գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով The Indian Express պարբերականին։
«Նախորդ տարի Մահարաշտրա նահանգում գտնվող Պունա քաղաքում կայացած ցուցադրության ժամանակ մենք մեր հաճախորդներին պատմեցինք իրենց սեփական նամականիշը կազմելու հնարավորության մասին։ Փորձը հաջողվեց։ Մարդկանց շատ դուր եկավ գաղափարը, և ցուցահանդեսից հետո սկսվեցին պատվերները»,- ասել է գլխավոր փոստի ղեկավար Վինոդ Կումարը։
Տվյալ ծառայությունը ստացել է «Իմ նամականիշը» անվանումը։ 12 նամականիշներից բաղկացած մեկ էջն արժե 300 ռուփի (մոտ 5 դոլար)։










