Տիգրան Խզմալյանը չի բացառում համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ

22:20 • 09.12.13

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունը Նախախորհրադարանի նախագահության անդամ Տիգրան Խզմալյանը մրցակից չի համարում: Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրենք ի սկզբանե Նախախորհրդարանը որպես վերկուսակցական պլատֆորմ են դիտարկել:


 

«Մենք ստեղծվեցինք՝ միավորելու դիմադրող ուժերը: Միակ խնդիրն այն է, որ միավորվողները միավորվեն հանուն դիմադրության, այլ ոչ՝ հանուն հերթական գործարքի կամ արտոնություններ ստանալու: Կարծում եմ՝ դա Նիկոլ Փաշինյանին բոլորովին չի վերաբերում, և հույս ունեմ, որ նրա նախաձեռնությունն, իսկապես, կմիավորի ակտիվ մարդկանց: Ինչպես մենք հայտարարել ենք՝ մեր գործառույթն այն է, որ պետք է ստեղծվի այլընտրանքային իշխանություն՝ օրենսդիր, գործադիր, դատական, ուստի գուցեև Փաշինյանի նախաձեռնությունն այս տրամաբանության մեջ իր դերը կխաղա»,-ասաց Տիգրան Խզմալյանը:

 

Նա, սակայն, դժվարացավ որևէ բան ասել Ն. Փաշինյանի նախաձեռնության վերաբերյալ, նշելով, թե դա դեռ նախագիծ է. «Տեսնենք, թե ինչպես են գործելու, ինչ սկզբունքների շուրջ են միավորվում, և փնտրենք համագործակցության եզրեր»,-ընդգծեց Տ. Խզմալյանը:

 

Թեև նախախորհրդարանի անդամն ասաց, որ իրենք գերադասում են մարդկանց հետ անհատական աշխատել, այնուամենայնիվ՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը չբացառեց:

 

«Ամեն ինչ հնարավոր է, եթե այդ համագործակցությունը լինի հայտարարված սկզբունքների մասին, եթե դրա նպատակն է ՝համակարգի փոփոխությունը, այլ ոչ թե՝ նրա հետ գործարքը: Միավորումը և համագործակցությունը երբեք ինքնանպատակ չպետք է լինի»,-եզրափակեց Տիգրան Խզմալյանը: