Կիևում պղծել են 1918թ. ապստամբության մասնակիցների հուշարձանը
Կիևում պղծվել է 1918թ. Հունվարյան ապստամբության մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանը, որը գտնվում է Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտակայքում՝ եվրաինտեգրման կողմնակիցների բարիկադների կողքին, հայտնում է Взгляд-ը։
Հուշարձանի պատվանդանին ուկրաինացի ազգայնականներին աջակցող գրություն է արվել, իսկ բուն քանդակը ներկվել է սև ու կարմիր գույնի ներկով, որոնք խորհրդանշում են ազգայնականներին։
Կայքը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կիևում բողոքի ակցիաներ անողներն անարգում են հուշարձանները։ Կիրակի նրանք տապալել են Լենինի արձանը՝ այն կապելով ճոպաններով ու վայր գցելով։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ակցիայի կազմակերպիչները եղել են դիմակներով ու «Ազատություն» կուսակցության դրոշներով մի խումբ երիտասարդներ։ Այժմ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ձերբակալվել են մի շարք մարդիկ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինան կասեցրեց եվրաինտեգրման գործընթացը, ինչից հետո երկրում անցկացվում են բողոքի ցույցեր։










