Կլիչկոն կոչ է արել կանանց և երեխաներին լքել Մայդանը

16:19 • 09.12.13

Ուկրաինայի «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն խնդրել է կանանց և երեխաներին լքել Անկախության մայդանը, գրում է lenta.ru-ն: Ինչպես գրում է «Комсомольская Правда в Украине»-ն, այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է բեմից՝ նկատելով, որ Մայդանի ուղղությամբ են գալիս «Բերկուտի» հատուկջոկատայինները:

 

Կլիչկոն նաև հատուկ ջոկատի աշխատակիցներին կոչ է արել «հանցավոր հրամաններ» չկատարել: «Դուք նույնպիսի քաղաքացիներ եք, ինչպես նրանք, ովքեր կանգնած են Մայդանում: Այստեղ խաղաղ մարդիկ են կանգնած խաղաղ բողոքով, այստեղ չկան գրոհայիններ, չկան մարդիկ, որոնք եկել են օրենք խախտելու»,- ընդգծել է նա:

 

Իր հերթին, «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր, Մայդանում ճամբարային ավանի պարեկ Անդրեյ Պարուբին խնդրել է տղամարդկանց մոտենալ բարիկադների գծին՝ պաշտպանելու Մայդանը: Դրանից հետո, հանրահավաքի մասնակիցները հոծ շարքերով կանգնել են բարիկադների մոտ: Տղամարդկանցից ոմանք ձեռքերին մահակներ են պահում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի մարտական դասակը շարժվել է դեպի Անկախության մայդան: Բացի այդ, ոստիկաններով մի քանի ավտոբուս արգելափակել են Եվրոպական հրապարակի կողմից Գրուշևսկու փողոցը:

 

Մայդանում ներկա ներքին զորքերի փոխգնդապետն «Украинская правда»-ին հայտնել է, որ զինվորներին կենտրոն են բերել «հասարակական կարգը պահպանելու համար» և չեն պատրաստվում ուժ կիրառել ցուցարարների դեմ: