Ուկրաինայի ուժայիններն ամբողջությամբ արգելափակել են Մայդանը

17:12 • 09.12.13

Կիևում ուժային կառույցների աշխատակիցներն ամբողջությամբ արգելափակել են Անկախության մայդանը, որտեղ գտնվում են բողոքի ակցայի մասնակիցները, հաղորդում է lenta.ru-ն: Մայդանի բոլոր մուտքերի և ելքերի մոտ կանգնած են ներքին զորքերը, ավտոբուսներ և բեռնատարներ:

 

Մետրոն չի աշխատում: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, երկուշաբթի առավոտվանից Կիևի կենտրոն են ուղղվել ուժային կառույցների ստորաբաժանումները:

 

Այսօր Վասիլկովից Կիև են եկել նաև ներքին զորքերի ծառայողները, որոնց նախկինում արգելափակել էին ընդդիմության աջակիցները:

 

Բացի այդ, իրավապահ մարմինների աշխատակիցները մոտենում են Կիևի քաղաքապետարանի շենքին, որը մեկ շաբաթ առաջ գրավել են ցուցարարները:

 

Ընդդիմությունն այդ գործողությունները որակել է որպես իշխանությունների պատրաստություններ՝ ցրելու բողոքի ակցիաները: Ընդդիմադիր առաջնորդները կոչ են արել հավաքվել և պաշտպանել Մայդանը:

 

Կիևի քաղաքապետարանի շենքում ընդդիմության աջակիցները նույնպես պատրաստվում են հնարավոր հարձակման: