Մանդելայի հուղարկավորությանը կմասնակցեն ավելի քան 90 համաշխարհային առաջնորդներ

16:07 • 09.12.13

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հուղարկավորության արարողությանը կմասնակցի 91 առաջնորդ և 10 նախկին նախագահ, հայտնում է РИА-Новости-ն՝ CNN-ին հղումով։

 

Թաղման արարողությանը կմասնակցեն նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններ, որոնց թվում են ՄԱԿ-ը, Եվրոպական միությունն ու Աֆրիկյան միությունը։ Քաղաքական գործիչներից բացի, Մանդելային վերջին հրաժեշտը տալու կգան երգիչ Բոնոն, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին և սուպերմոդել Նաոմի Քեմփբելը։

 

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հրաժարվել են մեկնել Յոհանեսբուրգ. միապետը՝ առողջական, իսկ վարչապետը՝ ֆինանսական պատճառներով։

 

Հիշեցնենք, որ ՀԱՀ առաջին սևամորթ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելան մահացել է 95 տարեկանում։ Նրա հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 15-ին՝ հայրենի Կունու գյուղում։

 

Մանդելան աշխարհում առաջին մարդն է, ում պատվին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2009թ. հատուկ օր է սահմանել՝ Նելսոն Մանդելայի միջազգային օր, որը նշվում է ամեն տարվա հուլիսի 18-ին։