Նիկոլ Փաշինյանն ուրիշ տարբերակ չուներ. Ստյոպա Սաֆարյանը «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի մասին
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնվել էր մի իրավիճակում, երբ քաղաքականության մեջ մնալու և իր պայքարը շարունակելու համար պետք էր ստեղծել մի ուժ՝ քաղաքական միավոր: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով պատգամավորի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին:
«Նա ուրիշ տարբերակ չուներ, որովհետև ըստ էության, ՀԱԿ-ը նրան չէր ընդունում, ինքը ՀԱԿ-ի հետ տարաձայնություններ ունի: Այս կտրվածքով թիմի ստեղծումը, կարծում եմ, անհրաժեշտություն էր իր համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նոր քաղաքական ուժի հեռանկարին, Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ ինքը չի կարող գնահատականներ տալ մի քաղաքական ուժի կամ միավորմանը, եթե այն դեռևս ոչ մի բան չի արել:
«Ուղղակի չմոռանանք, որ ամեն մեկը շատ ժամանակ ինքն է ստեղծում այդ հեռանկարը: Ինչպիսի՞ հեռանկար կստեղծի իր համար քաղաքական այդ հոսանքը, կտեսնենք ժամանակի ընթացքում»,-ասաց նա:
Հարցին, թե ինքը, որպես «Ժառանգության» անդամ, ձևավորված նոր քաղաքական ուժին դիտարկում է որպես իրենց մրցակի՞ց, թե՞ ուժ, որի հետ կարելի է համագործակցել, նա պատասխանեց.
«Օբյեկտիվորեն բոլոր քաղաքական ուժերը իրար մրցակից են, ընդդիմադիր միավորներն էլ իրար հետ են մրցակցում: Ես կարծում եմ, որ ողջախոհությունը կգերակայի անձնական ամբիցիաներին, և մենք կհասկանանք, որ ամեն մեկն ինքնուրույն ի զորու չէ լուծել այն լուրջ խնդիրը, որ ուզում է լուծել ՀՀ քաղաքացին: Հետևաբար այստեղ ջանքերը մեկտեղելու ու նույն ուղղությամբ շարժվելու խնդիր կա, միգուցե նաև համագործակցության»,-ասաց նա:










