Վ. Պետրոսյանի գործով տուժող կողմը մտադիր է միջնորդել, որպեսզի ևս մեկ դատահետքաբանական փորձաքննություն անցկացվի
Հայտնի դերասան և երգիծաբան Վարդան Պետրոսյանի վարած մեքենայի՝ «ՆԻՎԱ» մակնիշի մեքենային բախման հետևանքով վերջինիս անվադողերից թողնված հետքի վերաբերյալ տուժող կողմը մտադիր է միջնորդել լուսանկարներով դատահետքաբանական փորձաքննություն անցկացնել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Փաստաբանը նշել է, որ փորձագետի, քննիչի, բաժնի պետի տեղակալի կարգավիճակում շուրջ 30 տարի զբաղվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով և որպես այդպիսին, իր գնահատմամբ, երբ որ բախումը տեղի է ունեցել, «ՆԻՎԱ»-ի հետնամասի դետալները սեղմվել են գետնին, որին հաջորդել է շպրտվելը, ու այս հետքերն արդեն սկսել են առաջանալ:
«ՆԻՎԱ»-ն, փաստորեն, բախումից հետո պտտվել է ժամսլաքի ուղղությամբ, այս հետքն արդեն առաջացել է՝ շպրտման արդյունքում, բայց արդեն փաստացի «ՆԻՎԱ»-ի հետևի մասը եղել է դեֆորմացված», - ասել է տուժող կողմի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ այս հետքերի վերլուծությունը բավարար է, որպեսզի Վարդան Պետրոսյանն իր մեղքն ընդունի:
Արդեն տուժող կողմի միջնորդությամբ անցկացվել է «ՆԻՎԱ»-ի հայելիների հետ կապված դատահետքաբանական փորձաքննություն: Բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ «ՆԻՎԱ»-ն հայելիներ չի ունեցել: Այս դիրքորոշումը տուժող կողմն անընդունելի է համարում: Փորձագետները կպարզեն, թե հայելիներ եղել են, թե՝ ոչ: Կամ եթե եղել են, դրանք վթարի հետևանքով են մեքենայից անջատվել, թե՝ ոչ:
«Եթե պաշտպանական կողմը վիճելի թեմա ունի՝ կապված ցանկացած հարցի հետ, ապա պարտավոր է կատարել համապատասխան միջնորդություններ, որպեսզի այդ հարցի պարզաբանումն ստանա և ոչ թե սոցկայքերով քննության առարկա դառնա»,- ասել է Ռ.Բալոյանը՝ նշելով, որ թեև կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի քննիչի թույլտվությամբ ներկա գտնվել ցանկացած փորձաքննության, սակայն Վարդան Պետրոսյանի պաշտպաններից և որևէ մեկը չեն ներկայացել այդ փորձաքննությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան բախվել էր «Վազ 2121» մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով՝ «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
Մանրամասներն՝ այստեղ։










