Ուկրաինայի ընդդիմությունը սխալվում է՝ պահանջելով Յանուկովիչի հրաժարականը. Լեհաստանի ԱԳՆ
Ուկրաինայի ընդդիմությունը սխալ է թույլ տալիս՝ պահանջելով նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը, իսկ Կիևում Լենինի արձանը տապալելը քայլ է դեպի Ուկրաինայի ապախորհրդայնացում։ Այս մասին կիրակի ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, գրում է ria.ru-ն:
«Ուկրաինայի նախագահի հրաժարականի պահանջը քաղաքական սխալ է, քանի որ նախագահն այն մարդն է, որը որոշում է կայացնում կոալիցիոն կառավարության կամ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին»,- ասել է նախարարը TVN24 հեռուստաալիքի եթերում:
Նա երկու կողմերին հանգստության կոչ է արել, իսկ ներկայիս իրավիճակը, նրա կարծիքով, կարող են լուծել միայն Ուկրաինայի առաջնորդները՝ հետ կանգնելով պահանջների մի մասից:
«Ուկրաինական էլիտան կանգնած է պատմական ընտրության առջև: Հուսով եմ, որ նրանք կանցնեն այդ փորձությունը»,- հավելել է նախարարը:
Նա նաև իր ուրախությունն է հայտնել Կիևում Լենինի արձանը տապալելու կապակցությամբ. «Ես կարծում եմ, որ Լենինը եղել է 20-րդ դարի ամենաարյունռուշտ բռնակալներից: Անձամբ ես ուրախ եմ, որ հերթական եվրոպական մայրաքաղաքում այդ արձանից չկա այլևս»,- ասել է նա:










