Կարեն Անդրեասյանը չարաչար սխալվում է, դատական համակարգում չկան կաշառքի սակագներ. Ռուբեն Սահակյան

21:56 • 09.12.13

ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը «հիմարություն» բառով որակեց ՀՀ ՄԻՊ –ի՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցում արված անդրադարձը, որտեղ նշված են նաև՝ դատական կաշառքի սակագները:


 

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ՓԲ նախկին նախագահը նշեց.«Հիմարություն… ինչ-որ մեկն ընդհանրապես առնչություն չունի համակարգի հետ: Տենց բան գոյություն չունի, որ տաքսաներ լինեն: Էսօր նախ՝ հավատացեք, որ կաշառքը շատ հազվադեպ երևույթ է»:

 

Հիշեցնենք, որ ներկայացվում էր, թե կաշառքի չափը որոշվում է՝ հայցագնի 10%-ից ելնելով: Ընդհանուր առմամբ՝ հարցվածների մեծ մասի պնդմամբ՝ կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքերում. Առաջին ատյանում՝ 500-10.000 դոլար, Վերաքննիչ դատարանում՝ 2000-15.000 դոլար, Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 դոլար:

 

Պնդելով վերը նշված կարծիքը՝ Ռուբեն Սահակյանն ասաց, որ անգամ կուզեր, որ երբեմն՝ կաշառքով «գործ արվեր»՝ այն նկատառմամբ, որ երբ ճշմարտությանը չես հասնում, գուցեև օգնի կաշառքը:

 

Ի պատասխան հարցի, թե զեկույցի այս հատվածում զետեղված են գիտակ շրջանակներում անցկացված հարցումները, և որ դա մեկ հոգու կարծիք չէ, Ռուբեն Սահակյանը նորից բարկացավ և պնդեց.« Դա հիմարություն է: Ցանկացած փաստաբան եփվում է այս ամենի մեջ և շատ ավելի ինֆորմացված է, քան՝ մեկ այլ անձ: Ասել, որ այսինչ ատյանում այսպիսի գնացուցակ գոյություն ունի, այնինչում՝ այսքան, ուրեմն՝ Կարեն Անդրեասյանը չարաչար սխալվում է»:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե այդ դեպքում՝ ինչ-որ դրդապատճառներ տեսնու՞մ է, պարոն Սահակյանն ասաց՝«Չգիտե´մ, չգիտե´մ»:

 

ՓԲ նախկին նախագահը բացառում է, որ իր գնահատականի կտրուկ և ժխտողական լինելը պայմանավորված լինի նրանով, որ կաշառքների այս համակարգի դեպքում հարցականի տակ է դրվում փաստաբանական գործունեությունը՝ որպես այդպիսին:
«Միանշանակ՝ ո´չ, ով նման կարծիք ունի, ընդհանրապես՝ հեռու է համակարգից. գիշերը քնել է, ինչ-որ բան է «դուրս բերել» և այդ «խաբարը» տարածվել է»,-ավելացրեց Ռուբեն Սահակյանը: