Կիևի մոտ արգելափակված հատուկջոկատայինները ճեղքել են ընդդիմադիրների շարքերը
Ուկրաինայի «Վագր» հատուկ ջոկատի աշխատակիցները, որոնք վերջին օրերին ընդդիմադիրների կողմից արգելափակվել էին Վասիլկով քաղաքի զորամասի տարածքում, շարժվում են դեպի Կիև, գրում է lenta.ru-ն: Այդ մասին հայտարարել է ակտիվիստ Սերգեյ Սաբովը:
«Նրանք ճեղքել են մարդկային շղթան: Մարդկանց դուրս են հանել մեքենաներից՝ ոլորելով ձեռքերը, ջարդելով մատները»,- պատմել է նա՝ հավելելով, որ նրանց հաջողվել է զորամասից ոչ հեռու կանգնեցնել հատուկջոկատայիններով մի քանի ավտոբուս:
«5-րդ ալիքի» տեղեկություններով՝ Վասիլկովից Կիև է ուղղվել ոստիկաններով 20 ավտոբուս:
Սաղավարտներով և մահակներով իրավապահները վազում են ճանապարհի երկայնքով և հեռացնում մեքենաները, որոնք փորձում են խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը։
Ականատեսներից մեկի խոսքով՝ տեղի ժամանակով 11-ին մի քանի ավտոբուսներ, որոնք ճեղքել են ակտիվիստների շղթան, արդեն հասել են Կիևի Օդեսայի հրապարակ: Միևնույն ժամանակ «Բատկիվշչինա»-ի Twitter-ի էջում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ հատուկջոկատայիններով ավտոբուսներն արգելափակվել են ճանապարհին, ինչից հետո վերադարձել են զորամաս:










